ԳլխավորԼուրԿրթություն

ԱԺ երեք խմբակցություններն էլ կողմ են, որ դիմորդներին սովորելու հնարավորություն տրվի

Ազգային ժողովում բուհ չընդունված դիմորդների վերաբերյալ քննարկումն ավարտվել է անարդյունք, քանի որ որոշում կայացնող մարմնի ներկայացուցիչը՝ նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ներկա չի եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Երեք խմբակցության պատգամավորների մտահոգությունն այն է, որ ինչպես կարելի է ցածր միավորներ հավաքած դիմորդը առավելություն ունենա, քան բարձր միավորներ հավաքածը: Ակնհայտ է՝ գիտելիքը ստորադասվում է շատ թույլ հիմնավորմամբ, թե առաջին հայտով դիմողներն իրենց մասնագիտության ընտրության հարցում շատ հստակ որոշում են կայացրել: Կոնկրետ իմ պնդումը այն է, որ 16-17 տարեկան երեխան չեմ կարծում, որ այդքան հստակ կողմնորոշում եւ դիրքորոշում ունենա իր մասնագիտության ընտրության հարցում, որ կարողանա առաջնահերթություններ դնել: Միգուցե կարողանա, չեմ բացառում, ես չեմ ուզում նսեմացնել երեխաների կամքը, բայց պետք է նաեւ հաշվի առնենք, որ գնահատում ենք գիտելիքը»,-ասաց Կոստանյանը:

Նա ընդգծեց, որ ԿԳՄՍՆ-ն որեւէ լուծում չի առաջարկել. «Իսկ մենք ակնկալում էինք գոնե լուծման հնարավոր տարբերակներով կգային: Մենք տվեցինք մեր առաջարկները, որ այս երեխաներին հնարավորություն տրվի սովորելու եւ առաջին սեմեստրի ընթացքում ապացուցելու, որ իրենք արժանի են լինելու ուսանող: Եթե ոչ, ֆիլտրվեն»,-ասաց ԼՀԿ պատգամավորը՝ տեղեկացնելով, որ ԱԺ երեք խմբակցություններն էլ մասնակցել են քննարկմանը եւ երեք խմբակցություններն էլ կողմ են եղել, որ դիմորդներին սովորելու հնարավորություն տրվի:

Այս պահին դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա են անում Ազգային ժողովի մոտ: Նրանք մտադիր են շարժվել դեպի ԿԳՄՍ նախարարության շենք՝ հանդիպելու նախարարի հետ։

 

Comment here