ԳլխավորԿրթություն

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի հիմնական նորամուծությունները (մաս 2)

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները:

Բուհերում ուսումնառության կազմակերպման անցում լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ

Ներկայում բուհերում ուսումնառությունն իրականացվում է առկա կամ հեռակա ուսուցման ձևերով։ Հատկապես վերջինի առկայությունը լրջորեն ազդում է կրթության որակի և ուսումնառության վերջնարդյունքների արժանահավատության վրա։

Օրենքի նախագծով բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Սա ուսանողներին հնարավորություն կտա կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը)՝ պայմանավորված ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով: Այն նաև կապահովի ուսանողների ավելի լայն մասնակցությունը կրթական ծրագրերի կազմավորման գործընթացում՝ ըստ էության լրջորեն խթանելով ուսանողակենտրոն կրթությունը։

Համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորություն

Գործող օրենքով այդպիսի ծրագրերի իրականացման հնարավորությունները կարգավորված չեն, մինչդեռ տարբեր, այդ թվում՝ արտերկրի բուհերի հետ համատեղ կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումն ակադեմիական և ուսանողական կազմի շարժունության և բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացման, կրթության որակի բարձրացման լուրջ խթան են։

Օրենքի նախագծով նախատեսվում է, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել ու իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի շնորհած միասնական դիպլոմով կամ մասնակից բուհերից մեկի կամ յուրաքանչյուրի առանձին դիպլոմներով։

Նորամուծությունների առաջին մասը՝ այստեղ։

Comment here