Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ Գևորգ Արշակյանը պարգևատրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար:
Դեռ պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Գևորգը համալսարանական իր ընկերների հետ ձևավորել էր կամավորական դասակ և մեկնել Արցախ՝ պաշտպանելու իր սիրելի հողը: Երբ ընկերները հերթափոխ էին իրականացրել և վերադարձել տուն՝ սպասելով, թե երբ պիտի նորից վերադառնան մարտի դաշտ, Գևորգն առանց վարանելու մեկնել էր Շուշի: Հենց այնտեղ էլ Գևորգը հերոսաբար զոհվել է:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։