Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Գևորգ Արշակյանի անվան լսարան՝ Արդարադատության ակադեմիայում

Գևորգ Արշակյան

Մայիսի 27-ին Արդարադատության ակադեմիայում հանդիսավորությամբ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի անվան լսարանի բացումը: Ներկա էին Գևորգի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, դասախոսները, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, պետական և հասարակական գործիչներ, հյուրեր, տեղեկացնում են Ակադեմիայի լրատվական ծառայությունից:

Խորհրդանշական միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ ներկայացնելով հերոս Գևորգի անմահ սխրանքը, նրա անունով լսարան և կրթաթոշակ ստեղծելու նախաձեռնությունը: Ներկայացվեցին Գևորգի կենսագրության հիշարժան դրվագները: Գևորգը գերազանց սովորել և ավարտել էր ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության, ապա Իրավագիտության ֆակուլտետները, այնուհետև՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Դեռ 2020թ. օգոստոսին էր ավարտել ժամկետային զինվորական ծառայությունը, բայց պատերազմի լուրը լսելուն պես մեկնել էր Հայրենիքը պաշտպանելու, սակայն 2020թ. Շուշիի մատույցներում վիրավորվել է և անմահացել: 5 օր անց Գևորգը կդառնար 24 տարեկան:

Ելույթներով հանդես եկան Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը, ԵՊՀ իրավագիտության, Պատմության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկանները, դասախոսներ ինչպես Իրավագիտության, այնպես էլ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներից, Գևորգի ուսանողական և մարտական ընկերները: Իր սրտի խոսքն ու գոհունակությունը հայտնեց նաև Գևորգի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, ով նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Լսարանի բացման արարողությունից հետո ռեկտորը հանձնեց Գևորգ Արշակյանի հարազատների նախաձեռնությամբ ստեղծված Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակներ Ակադեմիայի այն 6 ունկնդիրներին, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին՝ դատախազի և քննիչի թեկնածուներին:

Comment here