Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հուշ-ցերեկույթ ԵՊՀ-ում՝ Գևորգ Արշակյանի հիշատակին

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին տեղի են ունեցել մոմավառություն «Եռաբլուր» պանթեոնում և հուշ-ցերեկույթ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում՝ նվիրված ԵՊՀ Հոգեբանության և փիլիսոփայության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի հիշատակին։

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գևորգ Արշակյանի հիշատակը։ Հետո հաղորդավարների խնդրանքով բուռն ծափահարություններով ճանապարհեցին հերոսին իր տուն՝ երկինք։

Ցերեկույթը մեկնարկեց Գևորգ Արշակյանի կենսագրությունը հակիրճ պատմող հոլովակով։ Նրա մասին խոսեց հերոսի դասղեկը՝ նշելով, որ հպարտանում է այս սերնդով, որն իր առաքելությունն է համարում շարունակել Գևորգի կիսատ թողած գործը։ Ուսուցչուհին հորդորեց ներկաներին մշտապես վառ պահել իր աշակերտի հիշատակն ու շարունակել նրա պայքարը։

Ցուցադրվեց հոլովակ համալսարանի շրջանավարտի և կրթության նկատմամբ նրա ունեցած անսահման սիրո մասին։ Ընկերները հիշեցին Գևորգի խոսքերը. «Ուսանող լինել նշանակում է լինել այնպիսի հասարակության անդամ, որը հասել է գիտակցության այն բարձր մակարդակին, որ ստեղծել է համալսարան»։

Հիշելով Գևորգին՝ համալսարանական ընկերները նշեցին, որ նա պարզապես սովորական մարդ չէր, նա սիրո, հավատարմության ու նվիրվածության պատմություն էր։ Գևորգի հաջողության գաղտնիքը հավատն ու ճանաչումն էին։

Հուշ-ցերեկույթի ընթացքում ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամներ Արտյոմ Դադունցը և Աննա Դանիելյանը հեղինակային երգ կատարեցին՝ նվիրված անմահացած հերոսին։

Ամբողջությամբ՝ ԵՊՀ կայքում։

Comment here