ԳլխավորԼուր

ECER 2022. սկսնակ հետազոտողների գիտաժողով` ԵՊՀ-ում

ԵՊՀ-ում կայացավ ECER 2022-ի՝ սկսնակ հետազոտողների գիտաժողովի բացման արարողությունը, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Համաժողովի նպատակն է տարբեր երկրների կրթական հետազոտողներին համախմբել գիտական մեկ հարթակում և միասնաբար քննարկել կրթական հիմնախնդիրները:

Մրցակցելով չորս երկրների կրթական կենտրոնների հետ՝ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հաղթող է ճանաչվել, ինչի շնորհիվ ECER 2022 համաժողովն այս տարի անցկացվում է Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում։

Դիմելով մասնակիցներին՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հույս հայտնեց, որ այս օրերի ընթացքում կգտնվեն շատ կարևոր հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ մենք ի՞նչ պետք է շարունակենք անել, ի՞նչ դադարենք անելուց և այլն։

Էլինա Ասրիյան

ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ․գ․դ․, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, անդրադառնալով համաժողովի՝ Հայաստանում անցկացվելու փաստին և դրա ընձեռած հնարավորություններին, նշեց. «Այսօր կան մի շարք իրողություններ, ինչպես՝ պատերազմները, բնական աղետները, համաճարակները, որոնք ազդում են կրթության որակի վրա: Նմանատիպ հարցերը պետք է քննարկվեն քառօրյա համաժողովի ընթացքում: Պետք է ուսումնասիրել այլ երկրների առաջավոր փորձը և տեղայնացնել ՀՀ-ում»:

Պրոֆեսորը հավելեց, որ այս համաժողովը լավագույն հնարավորությունն է սկսնակ հետազոտողների համար. նրանք  կլսեն փորձառու գիտնականների կարծիքները, ինչը կօգնի նաև իրենց թեկնածուական ատենախոսությունները և մագիստրոսական թեզերը գրելիս:

Անդրադառնալով համաժողովի ընթացքում ներկայացվելիք թեմաներին՝ Ն. Հարությունյանն ասաց, որ դրանք հիմնականում վերաբերում են կրթության կառավարման հիմնախնդիրներին, որակի ապահովմանն ու վերահսկողությանը, որակի կառավարմանը, դասավանդման մեթոդիկային և այլն:

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի հետազոտող Սամվել Ասատրյանը, խոսելով համաժողովին իր մասնակցությունից և թեմայի ընտրությունից, նշեց, որ այն առավելապես կենտրոնացված է առցանց կրթության հետևանքների վրա:

«Համավարակից հետո ստեղծվեց իրավիճակ, որտեղ առաջնային էր հեռավար ուսուցումը: Չեմ ժխտում, որ տեխնոլոգիական կրթությունն ունի իր դրական նշանակությունը, բայց այն ունի նաև բացասական հետևանքներ։ Ընդհանրապես հրաժարվել էլեկտրոնային կրթությունից հնարավոր չէ. այն պետք է բալանսավորել»,- ասաց Ս․ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում անցկացվում է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022)՝ «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով։