Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2 լսարաններ անվանակոչվել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների անուններով, տեղեկացնում է «Արմենպերսը»:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների կաբինետը (324 լսարան) անվանակոչվել է նույն ֆակուլտետի շրջանավարտ, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայող Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի անվամբ:
Զոհված զինծառայող, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սուրեն Վարդանի Մելիքբեկյանի անվամբ է կոչվել համանուն ֆակուլտետի քարտեզագրության և գեոինֆորմատիկայի անվան լաբորատորիան (420ա լսարան):
Լսարանների անվանակոչումը նախաձեռնել են ֆակուլտետի դասախոսական անձնակազմն ու աշխատակիցները:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի՝ զոհված զինծառայողների անունը կրող 2 լսարաններում ստեղծվել են նաև անկյուններ, որտեղ իրենց մշտական տեղն ունեն Սուրենի ու Ալեքսանի մեծադիր լուսանկարները, անձնական իրերը, ուսանողական ու զինվորական, բանաստեղծական տետրեր ու օրագրեր:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, ԵՊՀ առաջին կամավորական ջոկատը համալսարանի բակից ուղևորվեց Արցախ:
Պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։