ԵՊՀ բակում այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համալսարանականների հիշատակին նվիրված պուրակի բացումը, տեղեկանում ենք բուհի կայքից։
Համալսարանի բակում տեղի ունեցած ծառատունկին մասնակցում էին համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ընդգծել է, որ երբեք չեն մոռացվի այն քաջարի համալսարանականների սխրանքները, որոնք մեկ վայրկյան անգամ չեն վարանել իրենց կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը. «ԵՊՀ-ն մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելու առաքելությունը, և մեր այսօրվա նախաձեռնությունը ևս դրան է միտված»:
Այսօրվա ծառատունկի ընթացքում տնկվելու են էնդեմիկ տեսակի վայրի տանձի և վայրի խնձորի ծառեր, որոնք ծաղկելու են ապրիլ-մայիս ամիսներին՝ ի հիշատակ զոհված ուսանողների, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
«Մենք ունենք եղևնիներ, որոնք համալսարանականները բերել են Քարվաճառից, այդ եղևնիներից մեկն անվանակոչվելու է ուսանող-ազատամարտիկ Գևորգ Արշակյանի անվամբ»,-նշել է Մարատ Գրիգորյանը:
Ըստ դեկանի՝ համալսարանի բակում պատահական ծառեր չկան. բոլորն էլ պատմություն ունեցող, էնդեմիկ ծառատեսակներ են:
Պուրակի բացման արարողությանը ներկա էին Գևորգ Արշակյանի ընտանիքի անդամները, որոնք շնորհակալություն են հայտնել համալսարանականներին ծառատունկի նախաձեռնության համար:
Հավելենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ, չճշտված, քանի որ կան անհետ կորածներ:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, ԵՊՀ առաջին կամավորական ջոկատը համալսարանի բակից ուղևորվեց Արցախ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։