Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Արցախյան պատերազմում, նախնական տվյալներով, ԵՊՀ-ի 55 ուսանող է զոհվել

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում հունվարի 26-ին տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Պատերազմում զոհված ուսանողների անունով լսարաններ անվանակոչելու հարցի քննարկման ժամանակ Գեղամ Գևորգյանը նշեց, որ պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ, չճշտված, քանի որ կան անհետ կորածներ:

Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ զոհված ժամկետային զինծառայողների շարքում ևս կլինեն համալսարանականներ, որոնց վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա:

Նա նշեց, որ կան տարբեր առաջարկություններ՝ լսարաններ անվանափոխելու վերաբերյալ, և իր հերթին առաջարկեց որոշ ժամանակ սպասել:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ 3 ամսից կարելի է մրցույթ հայտարարել, զոհված զինվորների հիշատակին նվիրված քանդակ պատվիրել, որը կտեղադրվի համալսարանի հարակից տարածքում նախատեսվող ճեմուղում:

Նա այս ընթացքում մտածելու և առաջարկություններով հանդես գալու կոչ արեց դեկաններին:

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, ԵՊՀ առաջին կամավորական ջոկատը համալսարանի բակից ուղևորվեց Արցախ:

Comment here