ԳլխավորԽճանկար

Ճապոնուհուն հեռացրել են դպրոցից ժամադրության գնալու պատճառով

Ճապոնիայում դեռահաս աղջիկը հայց է ներկայացրել Տոկիոյի դատարան ընդդեմ իր նախկին դպրոցի, տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։ Աղջկան դպրոցից հեռացրել են ժամադրությունների գնալու արգելքը խախտելու պատճառով, ու նա նախկին դպրոցից 3,7 մլն իեն (շուրջ 35 հազար դոլար) փոխհատուցում է պահանջում։

Պարզվում է՝ 2019 թվականին Տոկիոյի մասնավոր դպրոցներից մեկի վարչակազմն իմացել է, որ աշակերտուհիներից մեկը հանդիպում է պատանու հետ։ Աղջկան առաջարկվել է հեռանալ դպրոցից։ Նրան սպառնացել են՝ եթե դպրոցը չփոխի, ապա չի ստանա ավարտական վկայական և բուհ ընդունվելու համար անհրաժեշտ երաշխավորագիր։ Դրանից հետո աշակերտուհին ստիպված է եղել այլ դպրոց տեղափոխվել, բայց որոշել է բարոյական փոխհատուցում պահանջել նախկին դպրոցից՝ իր անձնական կյանք ներխուժելու փորձի համար։

Դատարանում աղջիկը պատմել է, որ ուսուցիչներն իրեն իսկական հարցաքննության են ենթարկել՝ փորձելով պարզել` ժամադրության ժամանակ սեռական հարաբերություններ ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Սա, ի դեպ, Ճապոնիայում դպրոցական գործող կանոնների դեմ առաջին դատական հայցը չէ։ Օրինակ` 2017 թվականի հոկտեմբերին Օսակայի դպրոցներից մեկի ավագ դասարանի աշակերտուհին դատի էր տվել քաղաքի վարչակազմին այն բանի համար, որ նրան դպրոցում ստիպել են փոխել իր մազերի գույնը։ Աղջիկն ունեցել է շագանակագույն մազեր, բայց ստիպված է եղել սև ներկել, որովհետև ճապոնուհիների մազերին ավելի բնորոշ է սև գույնը։ Արդյունքում ներկելիս նա վնասել է և՛ գլխամաշկը, և՛ մազերը։

Comment here