ԳլխավորԼուր

Ավելի քան 100 ուսանող կրթություն կստանա Մեդիա ակադեմիայում

Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիան ավելի քան 100 մասնակցի հնարավորություն է ընձեռնել  մասնագիտանալ հեռուստատեսության ոլորտում, փորձել իրեն ունակությունները և ինչու չէ` ընդունվել աշխատանքի Առաջին ալիքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի, լրագրողների  հետ զրույցում այս մասին նշեց Մեդիա ակադեմիայի ղեկավար Լենա Մինասյանը: Նա հիշեցրեց, որ հունվարի 15-ին Առաջին ալիքի մեդիա ակադեմիան հայտարարել էր ընդունելություն` լրագրության, սպորտային լրագրության և հաղորդավարական արվեստ բաժինների համար, որի ընթացքում ստացել էին ավելի քան 3 հազար դիմում: Առաջին փուլում ժյուրիի անդամները մոտիվացիոն նամակների և ինքնակենսագրականների հիման վրա ընտրել էին 725 մասնակցի և հրավիրել հարցազրույցի:

«Հանդիպման ընթացքում առաջնորդվել ենք թե ընդհանուր գիտելիքներով, թե այն կադրերի կարիքներով, որն ունի այսօր Հանրային հեռուստաընկերությունը: Հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, թե  ովքեր են սովորելու մեդիա ակադեմիայում:  Դասերը մեկնարկելու է մարտի 1-ին, որոնք անցկացվելու են Հանրային հեռուստաընկերության տարածքում: Բոլոր մասնակիցները կստանան մասնագիտական դիպլոմներ, իսկ նրանցից լավագույններն արդեն ավարտական ամիսներին հնարավոր է անցնեն աշխատանքի»,- ընդգծեց Մինասյանը:

Մեդիա ակադեմիայի ղեկավարը հավելեց, որ ուսանողները ստանալու են հիմնականում պրակտիկ գիտելիքներ, օրինակ` լրագրության բաժնի ուսանողները բաժանվելու են խմբերի, կցվելու են լրագրողներին և հնարավորություն են ունենալու մասնակցել արտադրական և ստեղծագործական պրոցեսներին:

Դիմելով Մեդիա ակադեմիայի ուսանողներին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ հաղորդավարուհի Նարա Շլեփչյանը շեշտեց, որ հեռուստատեսության ոլորտը չափազանց ծանր է և գայթակղիչ:

«Պետք է աշխատեք ձեզ վրա, լինեք անկողմնակալ, բայց ոչ անտարբեր: Պետք է սիրեք հայրենիքը, ժողովրդին, քանզի մենք բոլորս կոչված ենք ծառայելու մեր ժողովրդին»,- ասաց Շլեփչյանը:

Comment here