— «Պուլտը» տուր։
— Չէ, թող լուրեր են (հարցազրույց է, ֆուտբոլ է…)։
— Լավ, էլի, պապիկ, հոգնեցինք էդ լուրերից, 100 հատ ալիք կա, մենակ լուրից լուր ես գցում։
Ծանոթ երկխոսություն է երեւի շատերի համար։
Եթե հայկական ընտանիքում խոհանոցում մարտեր են մղվում շերեփի համար, ապա հյուրասենյակում՝ հեռուստացույցի հեռակառավարման սարքին ու դրանով իսկ՝ տան մթնոլորտին իշխելու համար։ Իսկ ինչպիսին կլինի այն՝ տագնապալի-ողբերգական-լրատվական, թե կենսուրախ-թեթեւ-պարային՝ կախված է մարտնչող կողմերի համառությունից, սմարթֆոնի լիցքավորման չափից ու այլ զբաղմունք չունենալու աստիճանից։
Ինչեւէ, այսօր հեռուստատեսության օրն է։ Չնայած էլի շատերին ծանոթ արտահայտություն է՝ «Վայ, անիծվեր էդ անտերը հորինողը»։
Իսկ էդ «անտերը հորինողը» ռուսական ծագումով ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինն է, ում 1933թ.-ին հաջողվել է ստեղծել կատոդային խողովակը, որը մինչ այժմ շատ հեռուստացույցների գլխավոր մասն է: Նրա հայտնագործության շնորհիվ 1936 թվականից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941 թվականից՝ նաև ԱՄՆ-ում: Եվրոպայում, սակայն, հեռարձակումը լայն տարածում է գտել միայն 20-րդ դարի 50-ական թթ.-ից:
1956 թ.-ի նոյեմբերի 29-ի առաջին փորձնական հաղորդումից հետո էլ մեր կենցաղ մտավ ու անբաժան դարձավ հայկական հեռուստատեսությունը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։