Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը, հայտնում է Հայաստանի գրողների միությունը:
Արշակ Քոչինյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժինը։ 1994 թվականին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գործողություններին:
Նա բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ է, նաև՝ երգերի հեղինակ կատարող:
Քոչինյանի ստեղծագործություններն արժանացել են գրական մրցանակների, տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում։
***
Ձնծաղիկների թերթիկների տակ
Կքնի հուշը անցնող ձյուների,
Եվ հովիտներին մերկ ու սպիտակ
Գարունն իր հրաշք շունչը կբերի:
Ծառերը կանաչ թիկնոց կգցեն
Վշտերից կոտրած ճյուղերի վրա,
Ու տառապանքի ուրվականը սև
Գիշերի նման կանցնի, կգնա:
Կժպտանք մենք էլ, ու ծիծաղն անհուն
Կսկսի դյութիչ խմիչքը հեղել,
Մեր` այսքան թախիծ տեսած աչքերում
Կթվա` ոչինչ, ոչինչ չի եղել:
Տաք երակներում վշտից հարբածի
Կըոռնա ցավը սգավոր ու թաց,
Հուշը կարթնանա, տխուր կլացի,
Ու կխոնարհվի գավաթն ապրողաց: