«Դինամո» մարզահամալիրում անցկացվել է Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցաշարը, որին մասնակցել են 14 բարձրագույն հաստատությունների թիմեր՝ շուրջ 168 ուսանող մարզիկներով: Խաղերն անցկացվել են 4 փնջերով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցումների հաղթողի տիտղոսը նվաճել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, որը եզրափակչում 5-2 հաշվով առավելության է հասել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ:
ՀՖԿՍՊԻ-ի թիմն արժանացել է արծաթե մեդալներին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմը՝ մրցանակային երրորդ տեղի համար անցկացված խաղում 5-0 հաշվով հաղթելով Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմին:
Մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցումներին մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով, գավաթներով և դրամական պարգևներով՝ մարզագույք ձեռք բերելու համար:
Մրցումներին մասնակցել են նաև Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Գյումրու ՊՀՏՀ-ի, Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Եվրոպական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմերը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։