Սեպտեմբերի 16-ին Տնտեսագիտական մայր բուհի բակը վերածվել էր իսկական մասնագիտական խաչմերուկի։ ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառը մեկ տեղում էր համախմբել 70-ից ավելի առաջատար գործատուների՝ ֆինանսաբանկային համակարգի խոշոր կառույցներից մինչև ՏՏ, ապահովագրական ընկերություններ ու պետական մարմիններ, հայտնում են ՀՊՏՀ-ից ։
ՀՊՏՀ ամենամյա այս խոշոր միջոցառումն այս տարի ոչ միայն թափուր հաստիքներ գտնելու, այլև աշխատաշուկայի իրական անցուդարձին ու միտումներին ծանոթանալու հարթակ էր։ Ավելի քան 5000 ուսանողներ ու աշխատանք փնտրողներ հնարավորություն ունեցան անմիջականորեն զրուցելու ընկերությունների HR մասնագետների հետ և տեղում ծանոթանալու առաջարկներին։
Աշխատանքի տոնավաճառին մասնակցող ՀՊՏՀ գործընկերների հետ տեղում ունեցած կարճ զրույցներից ակնհայտ դարձավ, որ այսօր մասնագիտական կրթության հետ մեկտեղ առանցքային են աշխատանք փնտրողի ճկունությունը, սովորելու պատրաստակամությունն ու մոտիվացիան։
Ֆինանսական համակարգի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները, օրինակ, շեշտեցին երիտասարդ մասնագետների թվային հմտությունների և վերլուծական մտածողության կարևորությունը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ HR թիմի ներկայացուցիչ Լիլիթ Շաքարյանի խոսքով՝ բանկն այսօր ավելի քան 200 մասնագիտացում է առաջարկում ինչպես ֆինանսական, այնպես էլ IT ոլորտներում․
«Սկսնակների համար ունենք Tech Generation և «Ամերիա սերունդ» ծրագրերը։ Այս առումով, նման տոնավաճառները շատ արդյունավետ են, քանի որ օգնում են մշտապես լինել ուսանողների կողքին և միասին զարգացնել աշխատաշուկան»,- նշեց նա։ Ոլորտային փորձառության և երիտասարդների ներգրավվածության մասին ընդգծեց նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գործընկերների և հաճախորդների հետ հարաբերությունների մասնագետ Արուս Խաչատրյանը՝ փաստելով, որ ուսանողների հետաքրքրվածությունն ու մոտիվացիան տարեցտարի աճում են։
Պետական համակարգում կարիերա սկսելու և հանրային ծառայության մեջ փորձառություն ձեռք բերելու հնարավորություններն այս տարի նույնպես ուսանողների հետաքրքրության կենտրոնում էին։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Քնարիկ Ղազարյանի խոսքով՝ ՊԵԿ-ը պարբերաբար կազմակերպում է հարկային և մաքսային ծառայողի պատրաստման անվճար դասընթացներ․ «Բացի այդ, ՀՊՏՀ-ի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ուսանողները կարող են իրենց մասնագիտական պրակտիկան անցնել ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներում»,- հավելեց նա։
Խոշոր բիզնեսի և արտադրական ոլորտի ներկայացուցիչները շեշտադրեցին կորպորատիվ մշակույթի, թիմային աշխատանքի և ճկունության կարևորությունը։
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Տաղանդների համալրման գործընկեր Տաթևիկ Բաբայանի խոսքով՝ ուսանողները բավականին ակտիվ են և փորձում են խորհրդատվություն ստանալ, թե ինչպես ավելի պատրաստված ներկայանան ընկերության թափուր հաստիքներին դիմելիս։ Իսկ բիոտեխնոլոգիական ոլորտում գործող «Գուրուս» ընկերության HR մենեջեր Անի Խաչատրյանը նշեց, որ իրենց ակադեմիայի շնորհիվ ուսանողները կարող են զրոյից սովորել նոր, բարձր վարձատրվող մասնագիտություն և ստանալ աշխատանքի անմիջական առաջարկ։
Բուհը շարունակելու է ընդլայնել գործընկերային ցանցը՝ ապահովելով իր ուսանողների և շրջանավարտների մրցունակությունն աշխատաշուկայում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews









