ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում ամփոփվել է «Ուսանողական գարուն–2024» ներբուհական փառատոնը

ՀՊՏՀ-ում ամփոփվել է «Ուսանողական գարուն–2024» ներբուհական փառատոնը

Մայիսի 7-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում գալահամերգով և մրցանակաբաշխությամբ ամփոփվեց ավանդական դարձած «Ուսանողական գարուն–2024» ներբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ փառատոնը։

Հարյուրավոր ուսանողների համախմբող գունեղ ու գրավիչ այս միջոցառման շրջանակներում շուրջ երկու ամիս համալսարանի 6 ֆակուլտետները և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը մրցում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար։

Մարզական առաջնություններն ընթացան ֆուտզալ, հրաձգություն, բազկամարտ, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, բադմինտոն, վոլեյբոլ, թեքբոլ սպորտաձևերում, ինտելեկտուալ խաղերը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Ամենախելացին», «Մտագրոհ» նախագծերում, իսկ մայիսի 6-ին ՀՊՏՀ շնորհալի ուսանողները մրցեցին երգի ու պարի մշակութային ասպարեզում։

Ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ողջունեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը։

Գալահամերգի ընթացքում կայացավ մրցանակաբաշխության արարողությունը․ մարզական միջոցառումներում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ֆակուլտետներին հավաստագրեր և մեդալներ հանձնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսական կազմը, իսկ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Ամենախելացին», «Մտագրոհ» նախագծերի հաղթողներին՝ ՈՒԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահը։

«Լավագույն պարային ելույթ», «Լավագույն երաժշտական համար», «Լավագույն շոու ծրագիր» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերի հաղթողներին՝ համապատասխանաբար կառավարման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, մարքեթինգ և բիզնեսի կազմակերպման, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետներին մրցանակային գավաթներ և հավաստագրեր հանձնեցին ՈՒԽ ներկայացուցիչները։

«Ուսանողական գարուն–2024» ներբուհական ուսանողական մարզամշակութային և ինտելեկտուալ խաղերի հանրագումարում լավագույնը ճանաչվեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։