ԳլխավորԼուր

Բուհը չի կարելի դիտարկել որպես ժամանցի վայր. նախարարը չհերքեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի փակվելու լուրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի փակվելու լուրը։

Նշենք` վերջերս սոցցանցերում հայտնվել էր դիմում՝ ՀՊՏՀ ռեկտորին ուղղված, որտեղ Եղեգնաձորի մասնաճյուղի նախկին, ներկա ու ապագա ուսանողներն իրենց մտահոգությունն ու անհանգստությունն էին հայտնել բուհի փակվելու և ընդունելություն չլինելու վերաբերյալ։

«Այդ բուհում կան խնդիրներ` մենք ծավալուն տեղեկություն ենք ստացել։ Այնտեղ կան կադրային, ընդունելության, ֆինանսական խնդիրներ։ Մեզ նաև տեղեկանք են ներկայացրել, որով հիմնավորվում է ընդունելության ոչ նպատակահարմարությունը, և ոչ միայն։ Դիտարկվում է նաև հետագա գործունեության հարցը։ Ինքնանպատակ չի ունենալ մի կառույց, անունը դնել բուհ, բայց միևնույն ժամանակ բովանդակությունը չհամապատասխանի բուհին կամ ռեսուրսները չբավարարեն, որպեսզի այդ կառույցը գործի»,– նշեց Դումանյանը։

Նրա կարծիքով, պետք չէ ձգտել ամեն մարզում բուհ ունենալ, քանի որ իր կարծիքով դա ճիշտ մոտեցում չի։ Նախարարը շեշտեց` կապ չունի, թե այն որտեղ է, կարևոր է, որ բուհը որակյալ լինի, այն չի կարելի դիտարկել որպես ժամանցի վայր։

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 2022-2023 թթ. ընդունելություն չլինելու վերաբերյալ որոշումն ընդունվել է Տնտեսագիտական համալսարանի գիտխորհդի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի նիստում։