ԳլխավորԼուր

Ավարտվել են ուսանողական մարզական 26-րդ խաղերը. ՀՊՏՀ-ն կրկին բարձր արդյունքներ է գրանցել

Ավարտվել են ուսանողական մարզական 26-րդ խաղերը. ՀՊՏՀ-ն կրկին բարձր արդյունքներ է գրանցել

Աշնանային փուլով ավարտվեցին ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը, հայտնում են ՀՊՏՀ-ից: Համալսարանական մարզական տարին, ընդգրկելով 12 մարզաձևերի 14 առաջնություններ, համախմբեց շուրջ 20 բուհերի ավելի քան հազար ուսանող մարզիկների։

«Մարտ-մայիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացված այս լայնածավալ մրցաշարում ՀՊՏՀ-ն կրկին հանդես եկավ որպես ամենաակտիվ ու արդյունքներով աչքի ընկնող բուհերից մեկը։

Մեր համալսարանի մարզիկները մասնակցեցին բոլոր հիմնական առաջնություններին և մեդալային հաշվարկում ապահովեցին պատվավոր տեղ լավագույն եռյակում՝ հաստատելով տարիներ շարունակ ձևավորված մրցունակությունն ու պատրաստվածությունը։

Խաղերում ՀՊՏՀ-ն աչքի ընկավ նշանակալի հաջողություններով՝ ֆուտզալում, վոլեյբոլում, բասկետբոլում, հրաձգությունում, սեղանի թենիսում, պարանի ձգման և բազկամարտի մրցումներում գրանցելով բարձր արդյունքներ։

Մասնավորապես, ՀՊՏՀ թենիսիստ և բասկետբոլիստ աղջիկները դարձան ուսանողական խաղերի չեմպիոններ՝ ցուցադրելով վստահ և գեղեցիկ խաղ։ Չեմպիոնական կոչում նվաճեց նաև մեր բուհի պարանի ձգման հավաքականը, որը եզրափակիչում գերազանցեց բոլոր մրցակիցներին։ Այս հաղթանակներն ընդգծեցին ՀՊՏՀ մարզիկների թիմային ոգին, տոկունությունն ու հետևողական աշխատանքը։

Ուսանողական խաղերի կազմակերպիչն է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, ֆինանսական աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Առաջնություններն անցկացվել են Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական և Շիրակի պետական համալսարանների մարզադահլիճներում»,-հայտնում են բուհից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews