Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակի շրջանակում համալսարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (ԻՆԱԼԿՈ) հանդիսավորությամբ մեկնարկել է Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված «Հրանտ Մաթևոսյանի աշխարհընկալումը․ խոսք, խոհ և պատկեր» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի կազմակերպումը հնարավոր է դարձել նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Եվրոպա-Եվրասիա» հետազոտական կենտրոնի (CREE), ԻՆԱԼԿՈ հիմնադրամի և «Հիշատակարան» ասոցիացիայի միավորված ջանքերով։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով ելույթ են ունեցել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և ԻՆԱԼԿՈ-ի փոխնախագահ Ասեն Սլիմը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին՝ հայկական գրականության միջազգային ներկայացմանն ուղղված համատեղ աշխատանքի համար։
Զեկուցումներով հանդես են եկել ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը, Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչի ժ/պ Ժակլին Մինասյանը, Սորբոն Նուվել համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Ստրոևը և մի շարք այլ գիտնականներ, որոնք մանրամասն անդրադարձան Մաթևոսյանի գրական մտածողության բազմաշերտությանը, նրա տեքստերում արտահայտված բարոյական ու ազգային ինքնության խնդիրներին։
Գիտաժողովի մշակութային ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին ցուցադրվելու է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Աշնան արև» ֆիլմը։





