ԳլխավորԼուր

ԲՊՀ-ի դռները փակել էին երթի մասնակիցների առջեւ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր առավոտվանից մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաներ են։ Մասնակիցների մի մասը Բագրատ սրբազանի գլխավորությամբ այցելում են բուհեր՝ դասադուլի կոչ անելով։

ԲՊՀ-ի դռները փակ էին, Բագրատ սրբազանը կոչ արեց ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին չարգելել ուսանողներին իրենց ձայնը բարձրացնել։

«Ձեր արածը սխալ է, եթե դուք տեղյակ չեք, ապա տեղեկացնում եմ, իսկ եթե տեղյակ եք, ապա դատապարտում եմ ձեր արածը։ Երբ տեսնեմ ձեզ` աչք առ աչք էլ կասեմ։ Դուք չեք ուզում անհամաձայնություն հայտնել այն արժեքների կորուստների նկատմամբ, որոնք դուք քարոզել եք, թույլ տվեք, թող ուսանողներն իրենք անեն։ Եթե որևէ խոսք ինձ չուղարկեք` նշանակում է` վախեցաք»,– ասաց Բագրատ սրբազանը։

«Նա իմ դասախոսն է եղել, երբ ես ճեմարանում տեսուչ էի։ Մշտապես մեծ արժեքներից, հայրենասիրությունից, հայոց լեզվից է խոսել։ Ահավասիկ, սա է գործնական արտահայտումը։ Առիթն օգտագործում եմ ու ասում եմ բոլոր ստախոս դասախոսներին` ինչ դասավանդում եք, դրան տեր կանգնեք, կյանքով ու գործով արտահայտեք»,– ասաց սրբազանը։

Նա ուսանողներին կոչ արեց նմանատիպ դասախոսներին թիկունքով դառնալ ու նույնիսկ չլսել ասածները։

Ավելի ուշ դռները բացվեցին. բուհի ղեկավարները հայտարարեցին, որ ուսանողներն ազատ են՝ կարող են դուրս գալ, կարող են ներս մտնել, սակայն չեն թույլատրի, որ դասապրոցեսը խաթարվի։

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները մայիսի 4-ին երթ էին սկսել Կիրանցից դեպի Երևան, որտեղ մայիսի 9-ին ժամը 16-ից հետո հանրահավաք սկսվեց։ Բագրատ սրբազանը մինչեւ ժամը 20.00-ն ժամանակ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալու համար, որից հետո հայտնեց, որ մայիսի 10-ից սկսում են անհնազանդության խաղաղ ակցիաները՝ կոչ անելով դասադուլ ու գործադուլ անել։