ԳլխավորԼուր

Մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է մրցաշարի մասնակիցներին ու հյուրերին՝ շեշտելով՝ «Երևան օփեն» միջազգային մրցաշարը կրկին ապացուցում է, որ Հայաստանը շախմատային հարուստ ավանդույթներով երկիր է. «Աշխարհում միայն 4 երկիր է կարողացել ամբողջ պատմության ընթացքում 3 և ավելի անգամ նվաճել շախմատային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Եվ այդ 4 երկրներից մեկը Հայաստանն է: Մենք հպարտանում ենք աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակով: Բոլորը գիտեն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հայկական ծագման մասին: Խորհրդային Միության հավաքականի կազմում երկու անգամ շախմատի օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ռաֆայել Վահանյանը, աշխարհի կրկնակի գավաթակիր է Լևոն Արոնյանը: Շատ երկար է մեր մյուս հրաշալի գրոսմայստերների ցուցակը, որոնք փառք են բերել մեր երկրին»:

Վահրամ Դումանյանը նաև կարևորել է Հայաստանում շախմատի մեծ մասսայականությունը. «Մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում: Դրա արդյունքում հազարավոր երեխաներ այսօր տիրապետում են ամենահին խաղերից մեկի գաղտնիքներին: Շուտով նրանցից շատերն ավելի կհմտանան, և արդյունքներն էլ երկար սպասել չեն տա, իսկ նրանք, ովքեր շախմատիստ չեն դառնա, կունենան վերլուծական միտք, որն այնքան անհրաժեշտ է մեր օրերում»:

Վահրամ Դումանյանն ազնիվ պայքար է մաղթել «Երևան օփենի» մասնակիցներին և նշել՝ մասնակիցների կարգը վկայում է այն մասին, որ մրցաշարը կանցնի լուրջ մրցակցային պայքարում և բազում հաճելի պահեր կպարգևի շախմատի սիրահարներին:

Երևանն առաջին անգամ մրցաշարն ընդունել է 2016 թվականին, երկրորդ անգամ՝ 2017-ին, իսկ վերջինը կայացել է նախորդ տարի: Տարեցտարի մասնակիցների շրջանակն ու աշխարհագրությունը մեծանում են: Այս անգամ «Երևան օփենին» մասնակցում է 15 երկրի 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և, իհարկե, Հայաստանից:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Դրամական պարգևներ են նախատեսված 1-ից 20-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստների համար: Մասնավորապես, Ա խմբի հաղթողը կստանա 2 մլն 600 հազար դրամ:

Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցների, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում հաղթող ճանաչված մասնակցի և Բ խմբի մինչև 10 տարեկանների մրցապայքարում հաղթող դարձած մասնակցի համար։

Մրցաշարի բացման արարողությունից հետո 3 խաղատախտակի վրա խորհրդանշական առաջին քայլը կատարել են Վահրամ Դումանյանը, Մխիթար Հայրապետյանն ու Տիգրան Ավինյանը: