ԳլխավորԼուրԽճանկար

Զվարճալի տեսանյութ՝ ՀՊՏՀ ֆրանկոֆոն ուսանողներից

ՀՊՀՏ ուսանողները՝ Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառմանը

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ֆրանսերենի դասախոս Իզաբելլա Աբգարյանի նախաձեռնությամբ մարտի 24-ին կայացավ միջոցառում՝ նվիրված Հայաստանում ֆրանկոֆոնիայի տոնին։ Միջոցառմանը հրավիրված էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը, ով ֆրանսերեն ուսումնասիրող ապագա տնտեսագետներին ներկայացրեց ֆրանսիական կրթական համակարգի առանձնահատկությունները, Ֆրանսիայում ուսումնառելու հնարավորությունները, կրթաթոշակային ծրագրերը։

Տեղեկությունը հայտնում են ՀՊՏՀ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սելին Գերենը բարձր գնահատեց Տնտեսագիտական համալսարանում օտար լեզուների, մասնավորապես՝ ֆրանսերենի դասավանդման դրվածքը, որն ապահովում է լեզվիմացության բարձր մակարդակ, ուսանողներին կոչ արեց անընդմեջ բարելավել լեզվական գիտելիքները՝ ընդգծելով, որ հաջողության հասնելու ճանապարհը, առանց օտար լեզուների իմացության, անհնար է։

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ֆրանսերենի դասախոս Իզաբելլա Աբգարյանն ու Սելին Գերենը

Դեսպանության ներկայացուցիչը պատասխանեց ուսանողների հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել նրանց հետ նաև անհատապես։

Վերջում ՀՊՏՀ ֆրանկոֆոն ուսանողները Սելին Գերենին ներկայացրին իրենց պատրաստած ճանաչողական-հումորային տեսաշարը՝ ֆրանսերենից հայերեն առօրյա-խոսակցական բառապաշար ներմուծված բառերի մասին։ Պարզվում է՝ շատերս ենք բանավոր խոսքում գործածում ֆրանսերեն բառեր՝ երբեմն չգուշակելով դրանց նշանակությունը մայր լեզվով։ Իզաբելլա Աբգարյանի և ուսանողների պատրաստած «Իսկ դու գիտե՞ս, որ․․․» խորագրով տեսանյութը՝ ստորև։