ԳլխավորԼուր

ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Շրջայց ՀՊՏՀ-ում

Սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստ, որի օրակարգում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրությունն էր, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 4 թեկնածուները՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ․ Ատոմ Մարգարյանը, ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տ․գ․թ․, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը, հանդես եկան ծրագրային ելույթներով՝ ՀՊՏՀ բարեփոխման և զարգացման հայեցակարգի հիմնադրույթների ներկայացմամբ։

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյան
ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյան

Հավակնորդներին ուղղված հարցերից ու ելույթներից հետո կայացել է ռեկտորի ընտրությունը: Փակ, գաղտնի քվեարկությամբ,  19 կողմ ձայներով խորհուրդը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրել է Արմեն Գրիգորյանին:

ՀՊՏՀ խորհուրդը հաստատել է ընտրության արդյունքները:

Նիստի ավարտից հետո ՀՊՏՀ խորհրդի նախագահը և անդամները, նորընտիր ռեկտորի ուղեկցությամբ, շրջայց են կատարել բուհում և ծանոթացել վերջին մի քանի ամսում ՀՊՏՀ-ում կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքին՝ նորաոճ, հիմնանորոգված, կահավորված և տեխնիկապես հագեցած մի քանի տասնյակ կրթական տարածքներին։

Հիշեցնենք, որ  Արմեն Գրիգորյանը եղել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Դիանա Գալոյանի հրաժարականից հետո 2024 թ. մարտի 20-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Շրջայց ՀՊՏՀ-ում