ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ին շնորհվել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան»

ՀՊՏՀ, տնտեսագիտական համալսարան

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան» (HR Excellence in Research award), հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ՀՊՏՀ-ն հայաստանյան բուհերից առաջինն է, որն արժանացել է այս տիտղոսին և հաջողություն գրանցել EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակին անդամակցելու գործընթացում։

Այս աստիճանին դիմելու գործընթացը մեկնարկել է 2019 թվականին, որի շրջանակում իրականացվել են մի շարք գործողություններ։ Դրանցից է եղել համալսարանում գիտահետազոտական աշխատանքների համապատասխանության վերլուծությունը «Հետազոտողների եվրոպական խարտիայի և հետազոտողների ներգրավման վարքագծի կանոնակարգի» սկզբունքներին։

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը վստահեցնում է՝ միջազգային այս ճանաչումն ուժեղացնելու է հետազոտողների մասնագիտական աճին աջակցելու, հետազոտական բարձր արդյունքներ գրանցելու, այդ թվում՝ միջազգային մակարդակում, համալսարանի հանձնառությունը։

Նշենք, որ EURAXESS-ին անդամակցելու և «Գերազանցության աստիճան» ստանալուն ուղղված քայլերն իրականացվել են Էրազմուս+«Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում։