Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հանդիպել ռեկտոր Դիանա Գալոյանի, դասախոսների և ուսանողների հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից: Համալսարանը հյուրընկալել է Starmus VI փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենին, որը 2003-2015 թվականներին եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը։
Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Ժան Ժակ Դորդենին և ուսանողներին ասել է.
«Այսօր ձեզ համար դասախոսությամբ է հանդես գալու Ժան Ժակը: Կարծում եմ, որ նրա դասախոսությունը նվիրված կլինի ոչ միայն տիեզերական գործունեությանը, այլ կհնչի գիտնական մարդու խոսք՝ ուղղված ձեզ, երիտասարդներին, ովքեր ամենամեծ երազողներն են: Մեր բոլորի ցանկությունն է, որ միշտ ձգտեք ձեր այդ երազանքներին և կարողանաք հասնել դրանց իրականացմանը:
Մեր հասարակությանը, ժողովրդին, պետությանը հարկավոր են մարդիկ, ովքեր երազողներ են, ազատ մարդիկ են, ովքեր հնարավորություն ունեն իրենց գիտելիքներով իրենց գաղափարներն ու երազանքները կյանքի կոչել: Մեր՝ որպես պետության խնդիրը կայանում է նրանում, որ ապահովենք ձեզ համար այդ պայմանները:
Մենք լավ, որակյալ մասնագետների կարիք ունենք, լավ տնտեսագետների, ինժեներների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, բժիշկների, գյուղատնտեսների:
Այս ամբողջ գործընթացը, որ կազմակերպվում է այսօր այստեղ, այս հյուրերը, որ գտնվում են այստեղ, այդ ամբողջի մի մասն են կազմում:
Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումից գիտելիքներ կքաղեք, ձեր մեջ նոր հետաքրքրություններ կառաջանան»:
Նախագահ Խաչատուրյանն այնուհետև հակիրճ պատմել է իր և Ժան Ժակ Դորդենի հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել մոտ մեկ տարի առաջ Երևանում:
«Այս տարվա մայիսի 25-ին առաջին անգամ Հայաստանը տիեզերք ուղարկեց իր արհեստական արբանյակը: Ուղիղ մեկ տարի առաջ ոչ ոք դրան չէր հավատում: Իսկ մենք քննարկում էինք դրա իրականացման հնարավորությունները: Մենք Ժան Ժակի հետ հանդիպել ենք մոտ մեկ տարի առաջ և նման գաղափարներն առաջանում են այդպիսի սովորական շփումների ժամանակ: Այդ գաղափարն այսօր արդեն իրականություն է դարձել»,- պատմել է Վահագն Խաչատուրյանը:
Հանրապետության նախագահի խոսքով, Հայաստանը ցանկանում է զարգացնել տիեզերական գիտությամբ կամ տիեզերական գործունեությամբ զբաղվելու իր կարողությունները: «Համոզված եղեք, որ այդ բնագավառը Հայաստանում զարգանալու է և մենք միջազգային տիեզերական գործակալությունների այդ մեծ ընտանիքի մասն ենք կազմելու»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և բոլորին հաջողություններ մաղթել:
Այնուհետև նախագահ Խաչատուրյանը, ուսանողների հետ միասին լսել է Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենի դասախոսությունը: