Ինչպե՞ս կազմակերպել ուսանողների և անձնակազմի պաշտպանությունը համալսարանում, եթե հրդեհ է բռնկվել։ ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում գիտեն հարցի պատասխանը։ Հրդեհային իրավիճակներում տարհանման միջոցառումների և իրականացվող գործողությունների մասին այսօր իրազեկվեցին ու դրանց անմիջական մասնակիցը դարձան նաև ուսանողները, կազմավորումներն ու համալսարանի աշխատակիցները։ Այս մասին հայտնում են ՀՊՏՀ մարքեթինգինի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ԵՓՎ Կենտրոն բաժնի թիվ 8 փրկարարական ջոկատի հետ համատեղ կազմակերպված «Հրդեհի դեպքում ուսանողների և անձնակազմի պաշտպանությունը» թեմայով վարժանքի նպատակը վերջիններիս իրազեկման, պատրաստվածության և գործնական հմտությունների զարգացումն էր։
Միջոցառումն անցկացվեց երեք փուլով։ Նախ ազդարարվեց, որ հրդեհ է բռնկվել մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 308 լսարանում։ Հասարակական խմբի ղեկավար Վահե Ավետիսյանը բարձրախոսով ազդարարեց, որ մասնաշենքում գտնվող բոլոր ուսանողները պետք է տարհանվեն։ Հրդեհի բռնկման մասին ազդարարումից հետո սկսվեց մասնաշենքի անձնակազմի տարհանումը, ապա դուրս բերվեցին այրվածք և կոտրվածք «ստացած» երկու վիրավորները, որոնց տեղում առաջին բժշկական օգնություն ցուցաբերեց առաջին բուժօգնության ջոկատը։ Ղեկավար Նեդա Պետրոսյանն ու բուժօգնության ջոկատը բավական դիտարժան կերպով ցուցադրեցին, թե ինչպես պետք է վարվել տուժողներին առաջին օգնություն ցուցաբերելիս, իսկ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ասիստենտ Անի Տերտերյանը ապահովել էր կոտրվածքների և այրվածքների ցուցադրումը։
Այս ամենին զուգահեռ համալսարան ժամանեցին ՀՀ ԱԻՆ 2 մարտական հաշվարկները։ Հմուտ փրկարարների օգնությամբ շենքի 3-րդ հարկից դուրս հանվեց լսարանում ծխածածկույթի հետևանքով «թունավորված» ուսանողուհին, իսկ «այրվածքներ ստացած» ուսանողին հրշեջները պատգարակով դուրս բերեցին շենքից։ Ապա փրկարարներն անցան հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը։
Ուսումնավարժանքի ավարտին կազմակերպիչներն ամփոփեցին արդյունքները։
Ընդհանուր առմամբ, ուսումնավարժանքին մասնակցություն ցուցաբերեց և տարհանման աշխատանքներին ներգրավվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շուրջ 200 ուսանող։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։