ԳլխավորԼուր

Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն

Մահացել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա 88 տարեկան էր։

Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտը սկսվել է 1950 թվականին՝ Փարիզում: Նրա առաջին կինոդերը եղել է «Քնած գեղեցկուհին» ֆիլմում (արքայազնի դերը): Սակայն, Բելմոնդոն ճանաչում եւ փառք գտավ տասը տարի անց միայն` համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ մտած «Վերջին շնչով» ֆիլմից հետո:

1970-ական թվականներին Բելմոնդոն նկարահանվում էր մարտաֆիլմերում և կատակերգություններում: Ֆիլմերի գրեթե բոլոր հնարքները նա ինքն էր կատարում («Հիանալին», «Հրեշը», «Վարպետների վարպետը», «Պրոֆեսիոնալ»): Անփոխարինելի ժպիտով պատանի ըմբոստի կերպարը եվրոպական երիտասարդության համար նմանակելու առարկա էր դարձել: Բելմոնդոն աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպես Ժան Լյուկ Գոդարը, Կլոդ Լելուշը, Մարսել Կարնեն, Ժան Պիեր Մելվիլը: Դերասանը հաջողությամբ մասնակցել է նաև թատերական բեմադրությունների: 1991 թվականին Ժան Պոլ Բելմոդնոն ձեռք է բերել սեփական «Վարիետե» թատրոնը:

2001 թվականին Ժան Պոլ Բելմոնդոն գործնականորեն թողել էր մասնագիտությունը, քանի որ սրտի տագնապ էր ունեցել: Բայց 2008 թվականին կրկին հայտնվել է էկրաններին «Մարդը և նրա շունը» ֆիլմում:

Դերասանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևների` Պատվավոր լեգիոնի և «Արվեստի և գրականության բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանների:

Հայ հանդիսատեսին առավել հայտնի են նրա «Պրոֆեսիոնալը», «Ուրախ զատիկ», «Հրեշը» ֆիլմերը։

Comment here