ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Դավիթ Գրիգորյանի հիշատակի «Ոսկի սերմեր» կրթամրցանակ հանձնվեց ՀՊՏՀ երկու մագիստրանտի՝ ՀՊՏՀ 2-րդ կուրսի Էլիզա Մաթևոսյանին («Հանրային կառավարում» կրթական ծրագիր) և Օֆելյա Հակոբյանին («Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» կրթական ծրագիր), հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։
ՀՊՏՀ-ի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Ոսկի սերմեր․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրով հայտարարված մրցույթի հաղթողների հավաստագրերը հանձնեցին ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը և Դավիթ Գրիգորյանի մայրը՝ Սուսան Ավագյանը։
Հիշեցնենք՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի հիշատակի «Ոսկի սերմեր» կրթամրցանակի մրցույթը կազմակերպվում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից, իսկ հովանավորը Գրիգորյան ընտանիքն է։
Հանձնելով հավաստագրերը՝ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը երախտագիտության խոսքով դիմեց հերոսի մայրիկին․
«Դավիթ Գրիգորյանն ընտրել է հաղթելը և հաղթել է՝ դրանով ապահովելով մեր այստեղ գտնվելու իրավունքը, Դուք էլ՝ որպես ծնող, մեծ կորստից հետո ընտրել եք գիտելիքը Դավիթի անունով արժևորելու ճանապարհը, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ»։
Գիտելիքի և կրթության արժևորման, ՀՊՏՀ ուսանողի հանդեպ հոգածության համար բուհի ղեկավարը հերոսի ծնողներին՝ Լյովա Գրիգորյանին և Սուսան Ավագյանին հանձնեց շնորհակալագիր։
«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարին՝ բուհում ջերմ ընդունելության և Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված կրթամրցանակը նման ներկայացուցչական միջավայրում հանձնելու հնարավորության համար։
Հիմնադրամի տնօրենը հավելեց, որ իրենք համագործակցում են 5 բուհերի հետ և վստահ են, որ կրթամրցանակին արժանացող երիտասարդները իրապես տալիս են ոսկի ծիլեր։