ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում շարունակում են տեղ գտնել ուսանողների լավագույն շահը ոտնահարող երևույթներ. Աննա Կոստանյան

ՀՊՏՀ -ում շարունակում են տեղ գտնել ուսանողների լավագույն շահը ոտնահարող երևույթները, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Օրերս ինձ դիմում-բողոք են ներկայացրել ՀՊՏՀ շուրջ 200 ուսանողներ՝ կապված ՀՊՏՀ-ում իրականացված ակադեմիական կազմի համալրման մրցույթի հետ, որի շրջանակներում բուհից դուրս են մնացել, ուսանողների հավաստմամբ, բարձր մասնագիտական կարողություններով օժտված և ուսանողների կողմից շատ սիրված դասախոսներ։

Նախ

1. մրցույթի ընթացակարգը չի նախատեսել մասնագիտական թեստավորման, հարցազրույցի կամ այլ հավելյալ փուլեր․

2. ֆինանսական ֆակուլտետում, որտեղ մրցույթն իրականցվել է փակ գաղտնի քվեարկությամբ, արձանագրվել են մեծամասամբ «բոլորը կողմ կամ բոլորը դեմ» արդյունքներ, ինչը փակ քվեարկության դեպքում առնվազն տարօրինակ է․

3. ուսանողական խորհրդի կողմից առաջադրված ֆակուլտետային խորհրդի անդամ հանդիսացող ուսանողները չեն իրականացրել որևէ ներֆակուլտետային քննարկում՝ ֆակուլտետի բոլոր ուսանողների ձայնի ներկայացման հնարավորությունն ապահովելու համար․

4. ակադեմիական կազմի համալրման մրցույթի որոշ թեկնածուներ զուգահեռաբար հանդիսացել են նաև ֆակուլտետային խորհրդի անդամ և փաստացի իրենք իրենց կողմ/դեմ են քվեարկել (սա լրիվ աբսուրդի ժանրից է)․

5. ուսանողական խորհրդի կողմից առաջադրված ֆակուլտետային խորհրդի անդամներից մեկը զուգահեռաբար նաև ՀՊՏՀ աշխատակից է հանդիսանում․

6. բողոքի ձայն բարձրացրած ուսանողները շուրջ 8 օր է պահանջ են հղել Ուսանողական խորհրդին՝ լսելի դարձնելու իրենց ձայնը բուհում և պաշտպանելու ոտնահարված իրավունքներն ու ուսանողական ձայնը (պայմանավորված կետ 3-ով), սակայն որևէ արձագանք չեն ստացել․

Այս իրավիճակն առավել քան մտահոգիչ է։ Բուհն իրականացնում է ԲԱՑ մրցույթ, որի արդյունքները հաստատվել են գիտական խորհրդի նիստի շրջանակներում, սակայն դրանք մինչ այժմ հասանելի չեն հանրությանը։ Բացի այդ, ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը բացահայտ անտարբերություն է դրսևորում բողոքի ձայն բարձրացրած ուսանողների հանդեպ, ինչը, առնվազն, հարցականի տակ է դնում իր կոմպետենտությունը օրենսդրորեն և իր իսկ մշակած կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների և պարտականությունների իրականացման հարցերում։ Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՊՏՀ ուսանողները բողոքի ալիք են բարձրացնում՝ բուհում տիրող իրողությունների հետ կապված, բայց ստիպված են լինում միայնակ պայքարել ու լսելի դարձնել իրենց ձայնը։

Կոչ եմ անում պատկան մարմիններին շուտափույթ քննություն անցկացնել իրավիճակի առնչությամբ և լուծում տալ ստեղծված իրադրությանը։

Վերջ տալու՞ եք այս համատարած բեսպրեդելին, թե՞ ոչ»,-նշված է գրառման մեջ։

Comment here