Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողներին նվիրված լսարան

Հուլիսի 7-ին Տնտեսագիտական մայր բուհում հիշատակի և մեծարման ցերեկույթ էր. ֆինանսական ֆակուլտետում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանողներին նվիրված լսարան, որը կրում է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անունը, տեղեկացնում են ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից։Լսարանի բացմանը հյուրերն էին հերոսների ծնողներն ու հարազատները, կուրսընկերները։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջույնի խոսքում ասաց, որ Տնտեսագիտական համալսարանը պատերազմում կորցրել է իր որդիներին, որոնց հիշում է, հիշելու է ու երբեք բացակա չի դնի։«Մենք այսօր ապրում ենք նրանց շնորհիվ։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ ծնողներ, որ մեր ազգին նման հերոս-զավակներ եք պարգևել։ Մեր խոնարհումը ձեզ և իմացեք, որ բուհը միշտ ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու»,-ասաց Դիանա Գալոյանը։

Ցերեկույթը շարունակվեց ՀՊՏՀ դահլիճում՝ «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությամբ, որի առաջնախաղը կայացել էր հունիսի 16-ին։

ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ և բեմադրությամբ, ուսանողների դերակատարմամբ այն կրկին ոգեկոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների անմար հիշատակը…

Լիլիթ Դադայանը asue.am-ի հետ զրույցում ընդգծեց. «Զոհված ուսանողների հիշատակը վառ պահելու առաքելությունը մշտապես ՀՊՏՀ ուշադրության կենտրոնում է, և լսարանի բացման նախաձեռնությունը ևս դրան է միտված: Այն, վստահաբար, երիտասարդության շրջանում հայրենասիական դաստիարակության խթան կհանդիսանա: «Իմ անուշ տղա» ներկայացումը, որպես երախտագիտության և խոնարհումի տուրք, որդուն կորցրած մոր տառապանքների մասին է, որի նպատակն է հաղթահարել ցավն ու ապրելու ցանկություն արթնացնել պատերազմի արհավիրքով անցած որդեկորույս մայրերի հոգում»։

Comment here