ԳլխավորԼուր

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ

«Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային 33-րդ և Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի առցանց օլիմպիադաների մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների ցանկը:

Հունիսի 19-25-ն անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային 33-րդ օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Արայի Խալաթյանն արժանացել են բրոնզե մեդալների։ Օլիմպիադային մասնակցել է նաև Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանը։

Հունիսի 13-19-ն անցկացված Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանն արժանացել է արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ամարաս Նազարեանսը՝ բրոնզե մեդալի:

Նշենք, որ անվանական կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1․ միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ,

2․ միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,

3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։

Comment here