ԳլխավորԼուր

«Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխության արարողությունը` ԵՊՀ-ում

ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել «Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխության արարողությունը, որը կազմակերպել էր «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ միասին:

Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, ֆակուլտետի դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև զոհված համալսարանականների հարազատները:

Ցերեկույթը մեկնարկեց ԶՈՒ հոգևոր առաջնության գնդերեց, քահանա Տեր Վարազդատ Նաջարյանի տերունական աղոթքով, որից հետո մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված համալսարանականների հիշատակը: ԵՊՀ հիմներգից հետո Մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց Առնո Բաբաջանյանի «Տղերք, որոնք չկան» երգը:

«Մեր եղբայրների ու ուսանողների հիշատակին նվիրված միջոցառումները շարունակական բնույթ են կրում ԵՊՀ-ում: Մեզնից յուրաքանչյուրն իրականում ամեն օր իր ուսերին զգում է այն բեռն ու ծանրությունը, պատասխանատվության զգացումը, որ ունենք զոհված տղաների հանդեպ: Նրանք զոհվել են, որ մենք ապրենք: Ուսանողներին մեկ անգամ չէ, որ ասել եմ. տղերքը զոհվեցին, որպեսզի դուք սովորեք, կրթվեք ու շարունակեք նրանց կիսատ թողած գործը: Դուք պետք է ձեր պարտքը տաք կրթվելով: Ազգային միասնականության միակ ճանապարհը կրթությունն ու բարեկրթությունն են, որոնք լրացնում են միմյանց: Ողջունում եմ այս հրաշալի նախաձեռնության հեղինակներին և իրականացնողներին»,- նշեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ընդգծեց եզդիական համայնքի՝ ծրագրում ներգրավվածության կարևորության փաստը:

Ողջույնի խոսք ասաց և ծրագրի ստեղծման նախապատմությունն ու այլ մանրամասներ ներկայացրեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը. «Խոնարհվում եմ մեր հերոսների ծնողների առջև: Դուք կարողացել եք այնպիսի հայ մարդ ու անհատ դաստիարակել, որը գիտակցաբար նվիրել է իր կյանքը հայրենիքին ու մեզնից յուրաքանչյուրին: Այո՛, նրանք սերմեր էին, որոնք դեռ պետք է ծլարձակեն ու ազդարարեն նոր կյանքի սկիզբը, մեր հավատը, հույսը և փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ: 44-օրյա պատերազմի ժամանակ մենք կորցրինք մեր տղաներին, բայց նրանց անունը սգով չպետք է հիշենք: Մեր հերոսների անվան կրթաթոշակներ ստացողները մեծ պարտավորություն ունեն, պետք է պատվով տանեն այդ բեռը: Հարկ է նշել, որ այս ծրագիրը դոմինոյի էֆեկտով տարածվում է, և մենք այսօր արդեն նոր կրթաթոշակների հայտեր ունենք»:

Արմինե Պետրոսյանը ներկայացրեց բոլոր այն տղաներին, որոնց անվամբ կրթաթոշակներ են սահմանվել:

Ողջույնի ու երախտիքի խոսք ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սայիդ Ավդալյանը, որն ընդգծեց, որ հայ ու եզդի ժողովուրդները եղբայրական կռիվ են տվել ու շարունակում են պայքարել. «Պատմական բազում փաստեր կան, որ եզդի ու հայ ժողովուրդներն ուս ուսի են պայքարել ոսոխի դեմ: Սա մեր հողն ու ջուրն է, և մենք նույնպես պարտավոր ենք պաշտպանել այն: Շնորհակալ եմ, որ եզդիների սխրանքներն ու անձնվիրաբար պայքարը գնահատվում է»:

Հավելենք, որ ԵՊՀ արևելագիտության և հայ բանասիրության ֆակուլտետներում «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի մրցանակը կրկնապատկել է «Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը։

«Մեր հերոս տղաները չփախան, նրանք հերոսաբար կռվեցին ու ընկան հերոսի մահով, որպեսզի մենք ապրենք: Հնուց եկած ճշմարտություն կա. մեր նախնիների մասունքներն ուժ են տալիս մեզ, և տղաների մասունքներն էլ այսօր մեզ են ուժ տալիս՝ ապրելու ու շարունակելու նրանց գործը: Շնորհակալ եմ ծնողներին, որ մեզ ու հայրենիքի համար այսպիսի տղաներ եք դաստիրակել, ձեր տան շունչն է, որ նրանց ուժ է տվել կռվելու, այլ ոչ թե փախչելու համար: Վստահ եղեք՝ մեր հիմնադրամը սիրով է աջակցում ծրագրին»,- ընդգծեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը և հավելեց, որ եզդիական համայնքին խնդրել է հինգ ուսանողների անուններ տրամադրել՝ հետագայում նրանց վարձավճարները փոխհատուցելու համար:

«Այս ծրագիրը շատ կարևոր ու պարտավորեցնող է: ԵՊՀ մշակույթի կենտրոնը հանձն է առել կազմակերպել կրթաթոշակների հանձնման արարողությունը և ապահովել մշակութային հատվածը, առանց որի, անկասկած, հնարավոր չէ պատկերացնել նմանաբնույթ միջոցառումը: Եվ այսօր մենք հավաքվել ենք ոգեկոչելու ու փառաբանելու մեր հերոսներին, որոնք չխնայեցինք իրենց կյանքը, որպեսզի Հայաստանն ու հայ մարդն ապրի և արարի իր հողում»,- նշեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Նշենք, որ բարեգործական հիմնադրամի ծրագրով ԵՊՀ՝ առայժմ 5 ֆակուլտետներում սահմանված կրթամրցանակներ են շնորհվել նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցած և հաղթած ուսանողներին։ Համատեղ ծրագրի նպատակն է հավերժացնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տաղանդավոր երիտասարդների հիշատակը, նպաստել կրթության և գիտության առաջընթացին:

Այս կիսամյակ կրթամրցանակներ են հաստատվել հետևյալ ֆակուլտետներում․

1. Հայ  բանասիրության ֆակուլտետ — Վարդան Ամալյանի անվան կրթամրցանակ (հովանավոր՝ բեռլինահայ տիկնանց խումբ), կրթամրցանակակիր՝ Հայկ Սիրունյան, խրախուսական մրցանակակիրներ՝ Արևիկ Խամոյան, Գոհար Օհանջանյան, Էլեն Գրիգորյան, Իննա Ստեֆանյան, Լուսինե Ղազարյան և Վարդուհի Բարսեղյան:

2. Պատմության  ֆակուլտետի հնագիտության բաժին – Վահագն Թումասյանի անվան կրթամրցանակ (հովանավորներ՝ Զապէլ Փեշտիմալճիան և Էլիան Գապարաճիան, Փարիզ), կրթամրցանակակիր՝ Աստղիկ Արզումանյան:

3. Ֆիզիկայի ֆակուլտետ – Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակ (հովանավոր՝ Զեյթունյան-Մորիյո-Վիկտորիա ընտանիք, Բեռլին), կրթամրցանակակիրներ՝ Անահիտ Պետրոսյան և Արզուն Գևորգյան:

4. Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ – Ռուբեն Համբարձումյանի անվան կրթամրցանակ (հովանավոր՝ «Crumbs» հացթուխարան, Երևան), կրթամրցանակակիր՝ Մնացական Մարգարյան:

5. Արևելագիտության ֆակուլտետ – հերոս եզդիների հիշատակին նվիրված կրթամրցանակ (հովանավոր՝ դոկտոր Անահիտ Տեր-Ստեփանյան, Նյու-Հևն, ԱՄՆ), կրթամրցանակակիրներ՝ Աննա Միրզոյան, Գայանե Ճաղարյան և Վիոլետա Գևորգյան, խրախուսական մրցանակակիրներ՝ Տաթև Դունամալյան, Ապրես Զոհրաբյան և Մաքսիմ Դարվեշյան։

Մրցանակաբաշխության ընթացքում գեղեցիկ ելույթ ունեցան նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգիչները, պարային համույթը և երգչախումբը: