ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսանողները Թբիլիսիում մասնակցել են Փարաջանովին նվիրված մրցույթին

ԵՊՀ ուսանողները Թբիլիսիում մասնակցել են Փարաջանովին նվիրված մրցույթին

Հունվարի 9-ին` մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Թբիլիսիի սակրեբուլոյում տեղի է ունեցել Փարաջանովին նվիրված ավանդական ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը, որին մասնակցել են նաև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները և ստացել մրցույթին մասնակցելու մասին փաստող հավաստագրեր:

Մրցույթին իրենց ստեղծագործական աշխատանքներն են ներկայացրել նաև Իվանե Ջավախաշվիլիի անվան պետական համալսարանի, Իլյայի պետական համալսարանի և Գեղարվեստի ակադեմիայի (Թբիլիսի) ներկայացուցիչները:

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ուսանողական մրցույթ, որին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները ներկայացրել են իրենց լուսանկարչական, գեղանկարչական, կիրառական արվեստի ստեղծագործությունները, ֆոտոկոլաժները, ինչպես նաև գրական ստեղծագործությունները: Փարաջանովին նվիրված և փարաջանովյան ոճով ստեղծված լավագույն աշխատանքներն ուղարկվել են Վրաստան՝ ցուցահանդեսին ներկայացնելու համար:

Փարաջանովի արձանի (Թբիլիսի) հարակից տարածքում ցուցադրվել է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երիտասարդ ստեղծագործող ուսանողներից մեկի անիմացիոն աշխատանքը, որի ստեղծման համար օգտագործվել են Փարաջանովի 377 նկարներ:

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը Ysu.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փարաջանովի հանճարին և ստեղծագործական յուրօրինակությանը, նշեց, որ համաշխարհային կինոարտադրության մեջ շատ քիչ են նրա նման մշակութաստեղծ ռեժիսորները:

Շեշտելով մրցույթին մասնակցելու կարևորությունը՝ Կարինե Դավթյանն ընդգծեց.

«Մրցույթն անցկացվում է արդեն 10 տարի, սակայն Հայաստանից որևէ անհատ կամ կազմակերպություն երբևէ չի մասնակցել դրան․ ԵՊՀ-ն եղավ առաջինը, որը ներկայացրեց Հայաստանն այդ մրցույթում: Մենք նաև սակրեբուլոյի թանգարանին նվիրեցինք ուսանողներից մեկի՝ Էլինե Պողոսյանի աշխատանքը՝ կոլաժի տեսքով, որն իր ուրույն տեղն է ունենալու թանգարանում»:

Հավելենք, որ մրցանակաբաշխությանը ներկա են եղել նաև Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի (Թբիլիսի) գլխավոր ռեժիսոր Արմեն Բայանդուրյանը, Արա Բաբաջանյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, արվեստագետներ, նկարիչներ, պետական գործիչներ: