ԳլխավորԼուր

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը,տեղեկացնում է Oragir.news-ը։

Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ 2009 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր՝ հրաժարական ներկայացնելով 2019 թվականի մայիսի 23-ին։

Հիմնել և որպես տնօրեն ղեկավարել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:

Արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, մի շարք պարգևների, որոնց թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների:

Եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։

Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։

Արամ Սիմոնյանը 67 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր։