ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն հյուրընկալել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին

ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ-ն հյուրընկալեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին՝ քննարկելու կրթական հաստատությունների համագործակցային ծրագիրը և կրկնակի դիպլոմների տրամադրման հարցը, տեղեկացնում են ԵՊՀ-ից։

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներն այցելեցին ԵՊՀ սպորտային համալիր, գրադարան և ԵՊՀ պատմության թանգարան: Այնուհետև գիտխորհրդի նիստերի դահլիճում հանդիպեցին ԵՊՀ մի քանի ֆակուլտետի ղեկավարների, ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի հետ:

Հանդիպման գլխավոր նպատակն էր կրկնակի դիպլոմների տրամադրման ընթացակարգի քննարկումը: Անդրադարձ եղավ կրթական կառույցների միջև հուշագրի կնքման գործընթացին և կրթական գործունեություն իրականացնելու համար համապատասխան ծրագրերի կազմման հարցերին:

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խ. Ներկարարյանը խոսեց երկու համալսարանների համագործակցության, կրկնակի մասնագիտացման տրամադրման գործում ի հայտ եկող խնդիրների մասին.

«Այսօրվա հանդիպման նպատակն այն է, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները զուգահեռաբար ստանան 2-րդ մասնագիտական կրթություն: Այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր: Համաձայն գործող օրենքի՝ չի թույլատրվում միաժամանակ կրթական երկու հաստատությունում ստանալ առկա ուսուցմամաբ կրթություն: Այս դեպքում հեռակա ուսուցումը պետք է իրականցվի ԵՊՀ-ում»:

Պրոֆեսորը ներկայացրեց համատեղ կրթության նախագիծը՝ ըստ ֆակուլտետների և մասնագիտությունների: Նաև կա խնդիր՝ կապված արևելագիտության ֆակուլտետում հեռակա ուսուցման բացակայության հետ: Այս առումով Խ. Ներկարարյանն առաջարկեց հեռակա ուսուցմանը հատկացվող ողջ ժամաքանակը տրամադրել մասնագիտական առարկաներին, քանի որ կրթական մյուս ծրագրերը կուրսանտներն ուսումնասիրում են իրենց առաջին մասնագիտության շրջանակում:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Սարգսյանը ներկայացրեց ընդունելության կարգը և քննությունների ցանկը՝ ըստ մասնագիտությունների: Նա ընդգծեց օրենսդրական և կանոնակարգային փոփոխությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Սարգսյանը կարևորեց համագործակցությունը՝ այն համարելով հայրենանվեր գործունեություն: Պրոֆեսորը ներկայացրեց ֆակուլտետում կրթության կազմակերպման գործընթացը, հույս հայտնեց, որ երկու համալսարանների միջև հուշագրի ստորագրումից հետո բոլոր խնդիրները կլուծվեն:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մելքոնյանն ընդգծեց բանակի և ԵՊՀ-ի համագործակցության կարևորությունը.

«ԵՊՀ-ի և մեր բանակի համագործակցությունն ունի ինստիտուցիոնալ բնույթ, տարիների պատմություն և շատ ուրախ եմ, որ կա այն որակական այլ մակարդակ տեղափոխելու ևս մեկ հնարավորություն: Ցանկանում եմ նշել, որ հենց այս պահին էլ արևելագիտության ֆակուլտետում մեր բանակի որոշակի ստորաբաժանման ներկայացուցիչներ մասնակցում են «Ադրբեջանագիտություն» մասնագիտության վերապատրաստման դասընթացների»:

Ելույթ ունեցան նաև ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Յ. Հակոբյանը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վ. Վարդանյանը՝ ներկայացնելով իրենց ֆակուլտետների գործունեությունը և համագործակցության հետ կապված հեռանկարային ծրագրերը:

Եզրափակելով հանդիպումը՝ գնդապետ Ա. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության հնարավորության համար և հույս հայտնեց, որ կուրսանտները, ստանալով կրկնակի կրթության հնարավորություն, շատ լավ կսովորեն. «Բոլորս մեկ նպատակի երաշխավոր ենք»,-ասաց գնդապետը: