ԳլխավորԼուր

Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանն ու Կարեն Թռչունյանը:

Նախարարը շրջել է բուհի ուսումնական լաբորատորիաներում, ծանոթացել կրթական գործընթացին: Այնուհետև Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության ներկայացուցիչների հետ:

Ռեկտոր Արամ Իսաբեկյանը ներկայացրել է բուհի ընթացիկ գործունեությունը՝ անդրադարձ կատարելով նաև արտերկրի արվեստի բուհերի հետ համագործակցության հարցերին:

Նախարարը նշել է, որ նախարարությունը չի կարող մտնել արվեստի կրթության բովանդակային խնդիրների մասնագիտական տիրույթ. դրանով զբաղվելն ու կրթական ծրագրերի զարգացումն ապահովելը բուհի խնդիրն են: Պետությունը, սակայն, պարտավոր է խթանել բարձրագույն կրթության, մասնավորապես արվեստի ոլորտում ակադեմիական կրթության զարգացումը` բարձրացնելով կառավարման արդյունավետությունը, նպաստելով կրթական միջավայրի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհի զարգացմանն ու հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Վահրամ Դումանյանը պատասխանել է հանդիպմանը ներկա դասախոսների և ուսանողների հարցերին: