ԳլխավորԼուր

Մի խումբ պատանիներ հյուրընկալվել են նախագահականում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվել են 2021-2022 թթ. մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում նշանակալի հաջողություն արձանագրած մի խումբ պատանիներ, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Երեխաները նախ շրջել են նախագահական նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանը: Այնուհետև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունել և շնորհավորել են պատանիներին:

«Մաղթում եմ ձեզ նշանակալի հաջողություններ ուսման բնագավառում, ստեղծագործական նորանոր հորիզոններ։ Պետք է մշտապես ձգտեք գիտելիքներ ստանալ, կատարելագործվել, մայրենի լեզվի, հայրենի պատմության և աշխարհագրության իմացությունը խորացնել: Իսկ մենք կանենք ամեն ինչ՝ խաղաղ երկինքն ու կայունությունը ապահովելու, ձեր իրավունքները պաշտպանելու համար»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Ջերմ և անմիջական մթնոլորտում ՀՀ նախագահը պատասխանել է նաև երեխաներին հետաքրքրող հարցերին: Այնուհետև նախագահական նստավայրի մեծ դահլիճում երեխաները կատարել են հայտնի, ինչպես նաև իրենց հեղինակած ստեղծագործություններից մի քանիսը: