ԳլխավորԼուր

Ներքին Չարբախն ինձ համար աշխարհի կենտրոնն է. Արթուր Աբրահամ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի կողմից հիմնված այգու բացման հանդիսավոր արարողությունը:

Արթուր Աբրահամը դիմելով ներկաներին ասաց, որ իր համար մեծ պատիվ է հիմնել այդ այգին և նվիրել բոլորին:

«Ինչպես գիտեք, իմ մանկությունն անցել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի այս հրաշալի թաղամասում՝ Ներքին Չարբախում: Հետագայում մեծ ու շքեղ քաղաքներ շատ եմ այցելել, սակայն Ներքին Չարբախն ինձ համար եղել և մնում է աշխարհի կենտրոնը՝ իմ սրտի բնակավայրը, իմ մանկության քաղցր հիշողությունների վկան, ինչպես նաև իմ և ձեր վաղվա լուսավոր, երջանիկ օրերի անբաժան մասը:

Այստեղ ես սովորել եմ ապրել, ընկերներ ձեռք բերել, երազանքներ պահել, գնալ այդ երազանքների հետևից, պայքարել հանուն հաջողությունների և հասնելով դրանց՝ վայելել:

Այս այգին մեզ բոլորիս՝ մեր ընտանիքներին, մեր երեխաներին հանգստություն, ուրախ ժամանց, առողջ ապրելակերպ և հարմարավետություն է պարգևելու, մեր զավակների անհոգ մանկության քաղցր հուշերը նաև այս այգու հետ են կապվելու: Մեծ սիրով, նվիրումով, հոգատարությամբ և բարձր որակով եմ հիմնել մեր այգին:

Սա իմ նվերն իմ սիրելի Ներքին Չարբախին, սա մեր՝ բոլորիս այգին է, և ուրեմն եկեք սիրով վերաբերվենք, մաքուր պահենք, հոգ տանենք, խնամենք, ջրենք, որ մեր այգին էլ ավելի գեղեցկանա»,-մասնավորապես նշեց Արթուր Աբրահամը։