ԳլխավորԼուր

Պետք է բուհի շենքը կառուցելու չափանիշներն էլ փոխվեն. Վահրամ Դումանյան

Վահրամ Դումանյան

Բուհերը պետք է մրցակցեն միջազգային ասպարեզում ընդունված չափանիշներով, հայտարարել է  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ին կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ԱԺ քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը:

Նախարարի խոսքով՝ համալիր միջոցառումների արդյունքում շուրջ 7600 օտարերկրյա ուսանողների թիվը 2030 թ. առնվազն կկրկնապատկվի:

Մասնագիտական և բարձրագույն կրթական համակարգում նախատեսվում է բարձր առաջադիմություն ցուցաբերող սոցիալապես անապահով ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում և փոխհատուցում՝ բացառելով վճարունակ չլինելու պատճառով բուհից դուրս մնալու դեպքերը:

Նախարարը նշել է, որ արվեստի, գեղարվեստի, երաժշտական և սպորտային դպրոցները, մանկապարտեզները, զարգացման կենտրոնները կունենան գործունեության միասնական չափորոշիչներ:

Քննարկման ընթացքում խոսվել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ռեեստրի ստեղծման մասին: Կարևորվել է մեծահասակների կրթության հնարավորությունների շարունակական զարգացումը: Ծրագիրը նաև նախատեսում է, որ ընդլայնվելու են հայեցի կրթություն ստանալու աշխարհասփյուռ հայության հնարավորությունները:

Հարցուպատասխանի ձևաչափում, ինչպես նաև ելույթների ընթացքում ոլորտի մասնագետներն անդրադարձել են բուհերի մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերին ու վարկանիշավորման գործընթացին: Անդրադարձ է եղել դպրոցներում հետազոտական աշխատանքների իրականացման կարևորությանը, նախագծային կրթության անհրաժեշտությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության մատչելիությանն ու հասանելիությանը, բուհերի լիցենզավորման պահանջների վերանայման նպատակահարմարությանը:

Նախարարը փաստել է, որ բուհերը պետք է մրցակցեն միջազգային ասպարեզում ընդունված չափանիշներով: Միջազգային չափորոշիչներին համապատասխանելու առումով Վահրամ Դումանյանը կարծիք է հայտնել, որ պետք է բուհի շենքը կառուցելու չափանիշներն էլ փոխվեն: Խոսելով բուհերի հավատարմագրման և լիցենզիայի համար անհրաժեշտ պայմանների մասին՝ նա նշել է, որ այս գործընթացում հաջորդական քայլեր պետք է իրականացվեն՝ միտված ոլորտը քայլ առ քայլ բարելավելուն:

Կարևորվել է ավագ դպրոցում և բուհում աշխատանքային իրավունքներին ու հարաբերությունների առանձնահատկություններին վերաբերող դասընթացների կազմակերպումը:

Անդրադարձ է եղել բուհերի խոշորացման նպատակահարմարությանը, գործընթացի թափանցիկությանը: Կարծիք է հնչել, որ խնդիրը պետք է լինի համակարգի առողջացումը, իսկ բուհերի խոշորացմամբ հարցը չի լուծվելու, ուստի որոշակի ժամանակ է պետք՝ իրավիճակը գնահատելու և լուծումներ գտնելու համար:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, բուհերի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ: