ԳլխավորԼուր

Կստեղծվի արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-23-ն անցկացվում է «Արդի հայերենի քերականության հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովը, հայտնում են ԵՊՀ-ից։

Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» անցկացվող գիտաժողովի սկզբում հնչեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղերձը, որտեղ ԵՊՀ ռեկտորը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպման համար,  ընդգծել էր այսօրինակ գիտաժողովների էական դերը և մատնանշել համալսարանում գիտական գործունեության կարևորությունը։

«Գիտաժողովները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն մտքեր արտահայտելու, հետազոտությունների արդյունքները ներկայացնելու, այլև գործակցային նոր կապեր հաստատելու, իրականացվող ծրագրերն է՛լ ավելի ընդլայնելու համար։ Ամեն գիտաժողով նորանոր գաղափարների հղացման և իրագործման մի սկիզբ է»,- ասված էր ԵՊՀ ռեկտորի ուղերձում։

Անդրադառնալով քննարկման առարկա բառարանի կարևորությանը՝ ԵՊՀ ռեկտորը նշել էր․ «Վստահաբար այն լինելու է յուրօրինակ տեղեկատու բառի ձևաբանական հատկանիշները ճշգրտելու, գրավոր խոսքը քերականորեն ճիշտ կառուցելու համար, և որ ամենակարևորն է, այն հավասարաչափ գործածելի է լինելու ինչպես ուսուցանողի, այնպես էլ սովորողի համար»։

ԵՊՀ ռեկտորը առանձնահատուկ կարևոր համարեց այն, որ գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորում անցած «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան» թեմայի շրջանակում:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․դ․, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը ողջունեց ներկաներին, ընդգծեց գիտաժողովի և դրա շրջանակում քննարկվող թեմաների կարևորությունը՝ մասնակիցներին մաղթելով բեղուն և արգասաբեր աշխատանք։

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը, ներկայացնելով «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան» գիտական թեմայի շրջանակում կատարված աշխատանքների ընթացքը և ստեղծվող բառարանի կիրառական և տեսական կարևորությունը, նշեց․

«Բառարանը ներկայացնելու է բառաձևի ամբողջական նկարագիրը։ Դա շատ կարևոր է և՛ զուտ գործնական-հաղորդակցական տեսակետից, և՛ տեսական առումով․ նախ՝ կարևոր է այն, որ սովորական ընթերցողը ձեռքի տակ կունենա մի բառացանկ, որով կկարողանա իր համար ճշտել գրական կանոնական քերականական ձևերը՝ հոլովաձև, հոգնակիի կազմություն, խոնարհման կառույցներ և այլն ապահովելու համար իր գրագետ հաղորդակցումը միջավայրի հետ։ Երկրորդ՝ այսպես կոչված տեսական կարևորությունն այն է, որ բառարանը, լինելով այդպիսին, կունենա նաև զուտ բանասիրական նշանակություն․ մասնագետը հնարավորություն կունենա ակադեմիական մակարդակում օգտագործելու քերականական զարգացումների վերաբերյալ բառարանում արձանագրված նյութը»։

Յու․ Ավետիսյանն ազդարարեց գիտաժողովի մեկնարկը և ներկայացրեց «Քերականական բառարան. ձևավորման և կառուցվածքի սկզբունքներ» թեմայով զեկույց, որտեղ անդրադարձավ ստեղծվող բառարանի կազմման սկզբունքներին, կառուցվածքային առանձնահատկություններին, նպատակներին և կիրառելիությանը։ Նա մասնավորապես ասաց, որ բառարանը մեծապես կնպաստի գրական արևելահայերենի քերականության մշակմանը և կիրառական նշանակություն կունենա ինչպես մասնագիտական հանրույթի, այնպես էլ հասարակության լայն շերտերի համար։

Անդրադառնալով բառարանի կարևորագույն առանձնահատկություններից մեկին՝ հայերենի քերականության նորմավորմանը նպաստելուն՝ Յու․ Ավետիսյանն ասաց․ «Բառարանը արձանագրելու է գրական լեզվի տեղաշարժերը․ նշվելու են թեքվող բոլոր այն ձևերը, որոնք գործող զուգաձևեր են։ Ավելին, բառարանը ունենալու է նորմավորող նշանակություն՝ մատնանշելով լեզվի զարգացման հնարավոր ուղիները։ Այս իմաստով՝ բառարանը մի զգալի չափով ստանձնելու է գրական հայերենի քերականությունը նորմավորողի պատասխանատու դերը»։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի փոխդեկան, բ․գ․թ․, դոցենտ Արտաշես Սարգսյանը ներկայացրեց «Անգործածականությունը որպես բառաձևերի բնորոշման հիմնախնդիր» թեմայով զեկույց, որտեղ անդրադարձավ բառերի անգործածականությամբ պայմանավորված՝ քերականական ձևերի կազմության և գոյության հարցերին։

ԵՊՀ դոցենտը, մեզ հետ զրույցում անդրադառնալով բառարանի ստեղծման նպատակին, ասաց. «Բառարանի նպատակն այն է, որ ներկայացվեն բառերն իրենց քերականական հատկանիշներով, հատկապես այն բառերը, որոնք կարող են ընթերցողի, սովորական օգտվողի, նաև մասնագետի համար ներկայացնել ինչ-որ դժվարություն: Փորձում ենք այդ մոտեցումները ճշտելով ներկայացնել այդ բառերը: Դժվարություններ լինում են, քանի որ տարբեր հարցերի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ»:

Լեզվաբանը նշեց, որ բառարանում շեշտը դրվում է բառի քերականական իրողությունների վրա, այսինքն՝ որ բառն ինչ քերականական կարգեր ունի կամ չունի, և ինչպես է դա արտահայտվում:

«Գործնական առումով սա կարևորվում է նրանով, որ եթե բառի մասին հնարավոր է տեղեկություն ստանալ բառարանից ուղիղ ձևով, իսկ թեքված ձևերի մասին սովորաբար բառարաններում քիչ է լինում (նշվում է հոլովման տիպը կամ հոգնակիի կազմությունը), ապա այս դեպքում բերվում են բոլոր ձևերը: Հիմնականում ընդգրկվում են այն բառերը, որոնք և՛ համագործածական են, և՛ ունեն քերականական ինչ-որ առանձնահատկություններ: Եթե բառի քերականական հատկանիշները օրինաչափ են, ապա ներկայացվում են տիպար ձևով, որպեսզի բառարանի ծավալը չմեծանա, իսկ եթե շեղումներ կան, օրինակ՝ անկանոն բայեր են, ապա տրվում են բոլոր ձևերը»։

ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Լիանա Սարգսյանը, ներկայացնելով «Ձևաբանական նշագրումները արդի հայերենի բառարաններում» թեմայով զեկույց, ընդգծեց, որ թեև քերականական առանձին բառարաններ չեն ստեղծվել, սակայն բացատրական և ուղղագրական բառարաններում նշագրումներ եղել են։ Բանախոսը ներկայացրեց՝ որքանով են դրանք համապատասխանում արդի լեզվի որակներին, որքանով են նպատակահարմար գործածության համար, ինչ թերություններ ու բացթողումներ կան և այլն։ Ուսումնասիրությունը ևս մեկ անգամ ընդգծեց ստեղծվող բառարանի կարևորությունը և դրա անփոխարինելի դերն ու նշանակությունը։

ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Աննա Աբաջյանը հանդես եկավ «Որ, թե շաղկապների բազմագործառութային դերը» թեմայով զեկուցմամբ՝ անդրադառնալով հիշյալ շաղկապների կիրառական առանձնահատկություններին։ Բանախոսը նշեց, որ արդի հայերենի որ, թե շաղկապները իրենց գործածության հաճախականությամբ, այլ խոսքի մասեր կազմելու ունակությամբ, ամենատարբեր հարաբերություններ արտահայտելու, իրենց միջոցով խոսքիմասային տարարժեքություն ունեցող բառերի խոսքիմասային պատկանելությունը տվյալ նախադասության մեջ ճշտելու, ներխոսքիմասային տեսակ առանձնացնելու, իմաստային նրբերանգներ դրսևորելու օժտվածությամբ և ճկունությամբ, խոսքի ոճավորում արտահայտելու յուրահատկությամբ բացառիկ տեղ են գրավում հայերենում:

Գիտաժողովի նիստերի նախագահողներն են բ․գ․դ․, պրոֆեսոր Յու․ Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ. Լավրենտի Հովհաննիսյանը։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում լեզվաբանները քննարկելու են նաև հայերենի շարահյուսության վիճարկելի որոշ խնդիրներին, ժամանակակից հայերենի ձևաբանական տիպաբանությանը, խոսքի մասերի դասակարգմանը, արդի արևելահայերենում բայական փոխանցումների պատմական զարգացմանն ու գրաբարից ժառանգված հոլովական զուգաձևությունների զարգացմանը, գրական արևելահայերենում գոյականի հոգնակիակազմության անկանոնության դրսևորումներին, տերմինների խոսքիմասային պատկանելիության խնդիրներին, հարադիր բայերի լրացումառության առանձնահատկություններին, դարձվածքներում բայերի լրացումառությանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ գիտաժողովին ներկա էին և քննարկումներին մասնակցում էին նաև հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներ և այլ հյուրեր։

Հիշեցնենք, որ վերջերս գիտական թեմայի և ստեղծվող բառարանի վերաբերյալ զրուցել էինք թեմայի ղեկավար Յու․ Ավետիսյանի հետ։

Գիտաժողովի կազմակերպման ֆինանսական աջակիցներն են Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն: