ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

ԵՊՀ շրջանավարտն ուսումնառությունը շարունակում է Բորդոյի համալսարանի ասպիրանտուրայում

Վաղարշակ Հակոբյան

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Վաղարշակ Հակոբյանն այժմ ուսումնառությունը շարունակում է Բորդոյի համալսարանի ասպիրանտուրայում, հայտնում են ԵՊՀ-ից։

Վաղարշակի հետ խոսել ենք մասնագիտական ընտրության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների, արտերկրում սովորելու առավելությունների մասին:

— Ինչպե՞ս ընտրեցիք ֆիզիկոսի մասնագիտությունը։

— Ֆիզիկայի ֆակուլտետ որոշեցի ընդունվել արդեն 12-րդ դասարանում։ Այն հնարավորություն է տալիս անընդհատ  զարգանալու և երբեք չզարմանալու աշխարհում տեղի ունեցող նորարարությունների վրա։ Կարևորն առարկայի հանդեպ հետաքրքրությունն է և փորձելն ամեն ինչ ճիշտ հասկանալ։ Մինչև ընդունվելս արդեն գիտեի, որ մասնագիտանալու եմ օպտիկայի ուղղությամբ, ու հենց համալսարանում անցած օպտիկայի դասերին համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:

— Ինչո՞ւ որոշեցիք ընդունվել ԵՊՀ, ի՞նչ հնարավորություններ է այն Ձեզ ընձեռել։

— Դպրոցի վերջին տարիներին արդեն որոշել էի, որ ԵՊՀ եմ ընդունվելու՝ հաշվի առնելով համալսարանի համբավը և Մայր բուհ լինելու հանգամանքը։ Ուղղակի ուսումս ուրիշ համալսարանում չէի պատկերացնում։ Ցանկանում եմ ընդգծել, որ մյուս բուհերի համեմատ՝ ԵՊՀ-ի հնարավորությունները և կապերն ավելի շատ են, նաև դրա շնորհիվ եմ ես ուսումնառությունս շարունակել Ֆրանսիայում։

— Կպատմե՞ք արտերկրում Ձեր ուսումնառության մասին:

— Բակալավրիատն ավարտելուց հետո ընդունվեցի մագիստրատուրա «Օպտիկա և լազերային ֆիզիկա» մասնագիտացմամբ: ԵՊՀ-ն ունի «Կրկնակի դիպլոմի» ծրագիր Բուրգունդիայի համալսարանի հետ, ինչը նշանակում է, որ ուսանողը հնարավորություն ունի մագիստրոսական ուսումնառության մեկ տարին սովորելու Հայաստանում, երկրորդ տարին՝ Ֆրանսիայում: Արդյունքում ուսանողը ստանում է կրկնակի դիպլոմ։ Հենց այդ ծրագրի շրջանակում համալսարանում ուսումնառությանը զուգահեռ ընդունվեցի նաև Բուրգունդիայի համալսարան «Ֆիզիկա, ֆոտոնիկա և նանոտեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրով։

Վաղարշակ Հակոբյան

Հիմա արդեն ասպիրանտուրաս շարունակում եմ Բորդոյի համալսարանում «Կառուցվածքային լույսի կառավարում» թեմայով։

Արտերկրում թեկուզ կարճ ժամանակ սովորելով՝ զգում ես կրթական համակարգերի տարբերությունները, տեսնում լավ ու վատ կողմերը։ Ցանկալի է ինչ-որ ժամանակ սովորել օտարերկրյա համալսարաններում, բայց ձեռքբերված գիտելիքը պետք է օգտագործել հենց Հայաստանում։

— Ո՞րն է եղել ԵՊՀ-ի ներդրումը ձեր նվաճումներում։

— Թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում առիթը բաց չեմ թողնում շեշտելու, որ ես ԵՊՀ-ի շրջանավարտ եմ։ ԵՊՀ-ում ստացած հիմնարար գիտելիքներն ու ջանասիրաբար սովորելը տվել են իրենց արդյունքը՝ նոր հնարավորություններ բացելով իմ առջև։ Միևնույն ժամանակ կապի մեջ եմ ԵՊՀ ուսանողների, դասախոսների և իմ ղեկավարի հետ։

— Ինչպե՞ս կբնութագրեք հայ ուսանողին, ի՞նչ տարբերություններ կան հայ ու օտարերկրյա ուսանողների միջև։

— Կարծում եմ, որ հայ ուսանողներս մեզ վրա շատ պարտականություն չենք վերցնում ուսումնառության ընթացքում։ Պետք է ավելի շատ աշխատել ու ժամանակ տրամադրել նաև ինքնակրթությանը՝ հետագայում ավելի մրցունակ լինելու համար։ Օտարերկրյա ուսանողների համար իրենց ուսումն առաջնահերթություն է, ինչը, կարծում եմ, հայ ուսանողներից շատերի պարագայում այդպես չէ։

— Ի՞նչ նորարարություններ կցանկանայիք տեսնել ԵՊՀ կրթական համակարգում։

— Ցանկալի կլիներ, որ դասերից բացի՝ լինեին նաև առանձին նախագծեր, անհատական աշխատանքներ ուսանողների համար, ու գնահատականը կախված լիներ ոչ միայն  քննության արդյունքներից, այլև այդ աշխատանքներից։