ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն պատրաստ է ընդունելու Արցախից բռնի տեղահանված ուսանողներին

ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու Արցախից բռնի տեղահանված ուսանողներին և կազմակերպելու նրանց հետագա ուսումնառությունը ԵՊՀ-ում՝ ապահովելով կրթության շարունակականությունն ու անընդհատությունը:

Ուսանողները, իրենց դիմումների համաձայն, հնարավորություն ունեն ներգրավվելու միևնույն մասնագիտությամբ և համապատասխան կուրսերում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից, տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից և կրեդիտների տարբերությունից:

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 206 սենյակ) յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:15-17:00-ն, ուրբաթ օրերին՝ ժամը 9:15-16:45-ը:

Դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերին հնարավոր է ծանոթանալ այստեղ՝ https://www.ysu.am/announcement/50750

Հավելենք, որ 2023 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Արցախում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովորողներով, այդ թվում 8 քոլեջ/ուսումնարան և 4 բուհ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։