Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Ասուլիսի ժամանակ վերջին տվյալները հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հակարիի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց։ 91 918 անձ արդեն հաշվառվել է, նրանց կեսն ապահովվել է ժամանակավոր կացարանով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Դրանից հետո Արցախից բռնագաղթվածները սկսեցին ժամանել Գորիս ու Վայք։
Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։