ԳլխավորԼուր

2026-ից դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Առաջարկում ենք վերանայել բուհերում  ընդունելության գործող կարգը, որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր մեխանիզմների մշակման եւ դրանց ներդրման ռազմավարական նպատակներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

Նա հիշեցրեց, որ Տավուշի մարզում 2021-2022 ուստարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, եւ այս տարի արդեն ունենք նոր չափորոշիչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները: Նրանց համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ: Ըստ այդմ, ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաեւ բուհի համար ընդունելության քննություններ:

Ավարտական քննությունների արդյունքները հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, իսկ 2026-ից այս համակարգն արդեն կգործի բոլոր շրջանավարտների համար:

«Այս տարի Տավուշի շրջանավարտները, ինչպես բոլոր շրջանավարտները, ունեն երկու հնարավորություն միասնական քննություններ հանձնելու եւ սա իրենց համար կլինի հավելյալ հնարավորություն, որը կկազմակերպվի ընդունելության հիմնական փուլից հետո՝ հուլիսի սկզբին եւ դրանով նրանք կկարողանան մրցույթին մասնակցության ավելի լավ հնարավորություններ ստանալ»,-ասաց Անդրեասյանը:

Անդրադառնալով քննական առարկաներին՝ ԿԳՄՍ նախարարը, մասնավորապես, ասաց.

«Նոր ձևաչափով բացի երեք պարտադիր առարկաներից՝ «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Մաթեմատիկա», շրջանավարտները հնարավորություն կունենան քննություններ հանձնելու նաև բոլոր առարկաներից՝ կամընտրական բաղադրիչով: Ամբողջությամբ նոր թեստեր են մշակված՝ հաշվի առնելով այն փաստը, որ ըստ հանրակրթության նոր չափորոշչի՝ գիտելիքահենք մոտեցումից բացի՝ կարևորվում են նաև սովորողի կարողունակությունները: Շտեմարանների և թեստերի միջոցով արմատավորել ենք անգիր անելու երևույթը, վարժեցնելու հմտությունները, որից նոր ընթացակարգով փորձելու ենք հրաժարվել: Կարծում եմ՝ նոր առաջադրանքները կստուգեն շրջանավարտների տրամաբանական և քննադատական մտածողության հմտությունները»: