ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցել են ռուսերենի հանրապետական ուսանողական օլիմպիադային

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցել են ռուսերենի հանրապետական ուսանողական օլիմպիադային

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցել են ռուսերենի հանրապետական ուսանողական օլիմպիադային, հայտնում են բուհից։

Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի ռուսաց լեզվի ամենամյա օլիմպիադան այս տարի նվիրված էր Պուշկինի ծննդյան 225-ամյակին: Միջոցառումը անցկացվել է ԵՊՀ-ում: Կազմակերպիչները շեշտադրել էին ոչ թե բանասիրական գիտելիքի խորությունը, այլ առնչությունը մեր օրերի հետ: Օրինակ՝ “Я помню чудное мгновение…” հանրահայտ տողը մասնակիցները պետք է շարունակեին “…в моей жизни” շարադրությամբ: Կամ՝ “Я уважать себя заставил …”-ից հետո՝ “как вы понимаете это выражение сегодня в наши дни”:

ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի պ/կ Լուիզա Սարգսյանի խոսքով, օլիմպիադայում, իհարկե գործում է օլիմպիական կարգախոսը՝ «կարևորը մասնակցությունն է», թեպետ վերջին տարիներին հաջող ենք հանդես եկել: 2022-ին ունեցել ենք հաղթող, անցած տարի՝ երկրորդ մրցանակակիր: Այս տարի Պոլիտեխնիկից մասնակցել է 7 ուսանող:

«Կարծում եմ, ուսանողներին մասնակցության խրախուսեց նաև այն, որ թեմաները զուտ բանասիրական չէին, և տեխնոլոգիական բուհի ուսանողը երևի թե չի հավակնի Պուշկինի ստեղծագործությունների մասնագիտական իմացության: Անկախ արդյունքից, մեր ուսանողներին ես միշտ ասում եմ՝ դուք սովորում եք հայկական տեխնոլոգիական բուհում, հայալեզու ուսուցմամբ, ռուսերենը շաբաթական մեկ անգամ եք անցնում և արդեն իսկ նշաձող է, որ վճռում եք գնալ մրցակցության»,-ասաց նա:

Օլիմպիադային մասնակցել է Հայաստանի պետական 14 բուհերի և ՌԴ բուհերի հայաստանյան մասնաճյուղերի 104 ուսանող: Արդյունքները կամփոփվեն մայիսին: