ԳլխավորԼուր

Ավարտվեց «Միասնության ուժը-2021» ուսանողական-երիտասարդական հավաքը

Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները օգոստոսի 2-7-ը Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում արդեն հինգերորդ անգամ մասնակցեցին «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքին: Հավաքը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի ջանքերով, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

«Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական հավաքը Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ կառույցների երիտասարդ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցել մշակութային, ինտելեկտուալ և մարզական մրցույթների, այլև ընկերական մթնոլորտում ծանոթանալ, շփվել տարեկիցների հետ:

«Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսի ներքո այս տարի ավելի քան 200 երիտասարդներ մրցեցին 3 ճակատներում, որոնք անվանակոչվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Ժորժ Գևորգյանի, Տիգրան Բադալյանի և Կարապետ Անտոնյանի անուններով:

Հավաքի օրերին, մասնակիցներին են այցելել և քննարկումներ ունեցել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Շիրակի նախկին մարզպետ, պոլիտեխնիկցի Տիգրան Պետրոսյանը, Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից հերոսների հարազատներ, ՀՀ Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներ։

Հուլիսի 7-ին կայացավ «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀԱՊՀ Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, Ընդունելության կենտրոնի տնօրենի տեղակալ, պատասխանատու քարտուղար Կարապետ Կոգարովը, Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Ռաֆֆի Քարամյանը և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը։ Հավաքի ավարտին մասնակիցներին հանձնվեցին միջճակատային մրցույթների պատվոգրերն ու մրցանակները։ Ցուցաբերած «Լավագույն աջակցության» համար պարգևատրվեց նաև Ալբերտ Դադոյանի անվան ջոկատը։

Համալսարանի կողմից «Միասնության ուժ — 2021»ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը բարձր մակարդակով կազմակերպելու, «Ուսանողական շինարարական ջոկատներ» կազմավորելու և հավաքի կայացման գործում մեծ ավանդ ունենալու համար պատվոգրով պարգևատրվեց ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, իսկ շնորհակալագրերով՝ հավաքի կազմակերպչական թիմը։

«Միասնության ուժ- 2021» ուսանողական միջբուհական հավաքում հաղթող ճանաչվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Տիգրան Բադալյանի անունը կրող ճակատը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ժորժ Գևորգյանի և Կարապետ Անտոնյանի ճակատները։

Comment here