ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի «Միասնության ուժը» 9-րդ անգամ միավորեց Հայաստանի 10 բուհերի շուրջ 200 ուսանողի

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական և ռազմահայրենասիրական 9-րդ հավաքը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Փյունիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում կայացավ ավանդական դարձած «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական և ռազմահայրենասիրական հավաքը, որն այս տարի նվիրված էր հայ ինժեներներին և գիտնականներին՝ Էմիլ Դիլանյանին, Ռեյմոնդ Դամադյանին և Ասատուր Սարաֆյանին։

Հավաքի հանդիսավոր բացմանը մասնակիցներին դիմեց ՀԱՊՀ ռեկտոր, Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Գոռ Վարդանյանը, որը դեռ ուսանողական խորհրդի նախագահ եղած տարիներին հիմնադրել էր այս ռազմահայրենասիրական նախաձեռնությունը․

«Սիրելի՛ ուսանողներ, կամավորներ, սիրելի՛ ընկերներ,

Շատ տարիներ առաջ ծնվեց այս գաղափարը՝ հիմնել Պոլիտեխնիկի ամառային ճամբար, որը կհամախմբի երիտասարդներին հայրենիքին նվիրվածության և ռազմահայրենասիրական դաստիարակության գաղափարների շուրջ։ Այդ ժամանակ ես ուսանողական խորհրդի նախագահն էի, իսկ այսօր, որպես համալսարանի ռեկտոր կրկին ձեր կողքին եմ՝ կիսելու ձեր ոգևորությունը և հավատը միասնականության ուժի նկատմամբ։

Այս հավաքը տարիների ընթացքում նվիրված է եղել մեր հերոսներին, ռազմական և պետական գործիչներին, գիտնականներին ու մշակույթի երախտավորներին, որոնց շնորհիվ այսօր մենք ապրում ենք։ Այս օրերին դուք ոչ միայն մրցում եք սպորտային, մշակութային, ինտելեկտուալ ու ինժեներական մրցաձևերում, այլև ամրապնդում եք ընկերությունը, փոխադարձ աջակցությունը և թիմային ոգին։

Ռազմահայրենասիրական հավաքը ինքնանպատակ չէ․ այն ինքնաճանաչման, հմտությունների զարգացման, հայրենիքի նկատմամբ սիրո և պատասխանատվության խորացման վայր է։

Դուք բաժանված եք երեք ճակատի՝ մեր եռագույնի գույներով, բայց իրականում մեկ ճակատ եք՝ մեր հայրենիքի ճակատը։ Այս օրերին ձեր աչքերում վառվող կրակը, ձեր սրտերում թևածող հայրենասիրությունը պետք է ձեզ ուղեկցեն ամբողջ կյանքում։

Իմ բարեմաղթանքն է, որ մնաք համարձակ, նպատակասլաց, հավատարիմ ձեր երազանքներին։ Թող այս օրերի հիշողությունները դառնան ձեր ոգեշնչման աղբյուր ապագայում՝ ավելի մեծ գործեր իրականացնելու ճանապարհին։ Եվ թող տարիներ անց դուք կրկին վերադառնաք այստեղ՝ որպես հյուրեր, տեսնելու այն նոր սերնդին, որին դուք այսօր փոխանցում եք ձեր փորձն ու ոգին։ Շարունակեք փայլել և արարել»։

Ռեկտորի խոսքից հետո հավաքի մասնակիցներին ողջունեցին ՀԱՊՀ միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը, տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների կառավարման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը։ Նրանք կարևորեցին ուսանողների համագործակցային ոգին, գիտելիքի և արժեքների փոխանակումը, ինչպես նաև «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական և ռազմահայրենասիրական հավաքի նշանակությունը ապագա մասնագիտական ու անձնական հաջողությունների համար։

«Միասնության ուժը» իրականացվում է ՀԱՊՀ ուսանողական խորհրդի կողմից 2016 թվականից սկսած՝ ամեն տարի նվիրվելով տարբեր ոլորտներում մեծ ավանդ ունեցած հայ մեծանուն գործիչների հիշատակին։ Վեցօրյա հավաքին ամեն տարի մասնակցում են Հայաստանի 9 և ավելի բուհերից շուրջ 200 ուսանողներ, որոնք բաժանվում են երեք ճակատների՝ Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի գույներով։ Այդ ընթացքում նրանք մրցում են սպորտային, մշակութային, ինտելեկտուալ և ինժեներական տարբեր մրցաձևերում, ինչպես նաև մասնակցում պանելային քննարկումների, որոնք զարգացնում են մասնագիտական, ռազմահայրենասիրական և ինժեներական մտածողությունը։

Այս տարի հավաքին մասնակցեցին․

  • Երևանի պետական համալսարանը,
  • Հայ-Ռուսական համալսարանը,
  • Հայաստանի ազգային ճարտարապետության և շինարարության համալսարանը,
  • Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան,
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը,
  • Ֆրանսիական համալսարանը,
  • Եվրոպական համալսարանը,
  • Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը,
  • Երևանի պետական բժշկական համալսարանը,
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերը:

Հավաքն անցկացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Փյունիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում, որը ի սկզբանե ստեղծվել է որպես ուսանողական ճամբար՝ ապահովված բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով և կեցության պայմաններով։ Այն իդեալական վայր է ինտենսիվ մրցույթներ, կրթական ծրագրեր և երիտասարդական նախաձեռնություններ իրականացնելու համար։

«Միասնության ուժը» դարձել է ծրագիր, որտեղ երիտասարդները ոչ միայն ծանոթանում և ընկերանում են, այլև համագործակցում նոր գաղափարների շուրջ, որոնք կարող են իրատեսական ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման վրա։
Այս տարվա հավաքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ միասնությունը հզոր ուժ է, իսկ թիմային աշխատանքը՝ հաջողության բանալին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews