Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում արդեն երկրորդ տարին տեղի ունեցավ Գիտության փառատոն Atom City` «Ապագայի քաղաք» խորագրով: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիան, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։
Փառատոնի նպատակն է ուսանողների, ինչպես նաև դպրոցահասակ երիտասարդների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման նկատմամբ, ինչպես նաև զարգացնել դրանք ներկայացնելու հմտությունները:
Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ով ողջունելով ներկաներին, նշեց, որ Պոլիտեխնիկը ուրախ է երկրորդ անգամ հյուրընկալել «Գիտության փառատոն»-ը։
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը շուտով կբոլորի իր հիմնադրման 90 ամյակը։ Էներգետիկական մասնագիտությունները մեզ համար միշտ եղել են առաջնային։ Այդ առաջնայնությունից ելնելով 1993 թվականից Պոլիտեխնիկական համալսարանում վերաբացվել են ատոմային էներգիայի ուղղվածությամբ մասնագիտությունների կրթական ծրագրերը, որտեղ տարբեր կրթական աստիճաններում դիպլոմավորված մասնագետներ ենք պատրաստում։ Մենք համոզված ենք, որ նման միջոցառումները օգնում են աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Այսօրվա միջոցառման համար ստեղծված են բարենպաստ միջավայր և հետաքրքիր միջոցառումներ, ինչի համար շնորհակալություն ենք ուզում հայտնել բոլոր կազմակերպիչներին և մասնակից ընկերություններին, որոնք ջանք են ներդրել և այսօրվա տոնը դարձրել ամբողջական»,-նշեց Ս․Ասատրյանցը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի գլխավոր մասնագետ Նունե Ալեքյանի խոսքով՝ նման միջոցառումները շատ կարևոր են երեխաների մասնագիտության ընտրության հարցում «Հուսով եմ, որ մենք կունենանք համապատասխան էներգետիկ ենթակառուցվածքներ, ատոմային էներգետիկայի ոլորտի մասնագետներին աշխատանքով ապահովելու համար»։
Միջոցառմանը ներկա էր նաև Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը, ով նշեց, որ նմանօրինակ միջոցառումները շատ ոգևորիչ են։ «Մեր ապագան գիտության մեջ է և գիտությամբ միայն մենք կարող ենք վերցնել մեր «կտոր մը երկինք»-ը, ինչպես որ հայտնի ֆիլմում է», – ասաց նա։ Նշենք, որ Անի Ապրահամյանն ունի նաև մի շարք ամերիկյան և եվրոպական գիտական ծրագրերի կառավարման փորձ՝ հատկապես միջուկային ֆիզիկայի և իզոտոպների արտադրության բնագավառում։
Հայկական ատոմային էլեկտրակայանի ուսումնավարժական կենտրոնի պետի տեղակալ Ահարոն Մանուկյանն էլ նշեց, որ միջոցառումը կարող է հրաշալի խթան հանդիսանալ ոլորտի մասնագետների պատրաստման հարցում։ «Միջուկային էներգետիկան մեր երկրի տնտեսության զարգացման մեջ կարևոր տեղ ունի, և այս միջոցառումը լավ առիթ է երեխաներին և երիտասարդներին մոտիվացնելու համար»,-նշեց նա։
Գիտության փառատոնի այցելուները ապագայի քաղաքում դիտեցին գիտական շոու և մասնակցեցին հետաքրքիր քիմիական փորձերի, կատարեցին ճանապարհորդություն տիեզերքի և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում:
Փառատոնի մասնակիցները հավաքեցին ռոբոտներ, տեղեկատվություն ստացան, թե ինչպես է արտադրվում էլեկտրաէներգիան և ինչպես է լուսավորվում տունը, գունավորեցին ատոմագործի սաղավարտը և մասնակցեցին զվարճալի խաղերի մոլեկուլային օղակներով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։