Հուլիսի 25-ին Հայաստանում մեկնարկել է մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» տասնութերորդ միջազգային կինոփառատոնը։
Այս տարի բացման ֆիլմերն էին «Երբ ես տխուր եմ» (ռեժ. Լիլիթ Ալթունյան, պրոդ. Արմինե Անդա, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.) և «Բոժոն» (ռեժ. Միքայել Վաթինյան, պրոդ․ Արմինե Անդա, Հայաստան, 2007թ.)
Դիտմանը հաջորդել է քննարկում (հարց ու պատասխան) ներկայացված ֆիլմերի ստեղծագործական խմբի հետ:
«Ռոլան» տասնութերորդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 25-29-ը Երևանում, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, ինչպես նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Միջոցառման ծրագրում ընդգրկված է 75 ֆիլմ 28 երկրից, այդ թվում՝ 2004-2021թթ. «Ռոլան» փառատոների լավագույն մրցանակակիր ֆիլմերը:
Կներկայացվեն լիամետրաժ և կարճամետրաժ խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, կանցկացվեն ստեղծագործական հանդիպումներ, գերմանական և ֆրանսիական ֆիլմերի, ռուսական անիմացիայի ծրագրային ցուցադրություններ, մասնավորապես՝ Հարրի Բարդինի «Բոլերո», «Լսելով Բեթհովենին», «Երեք մեղեդի», «Անճոռնի ճուտիկը», «Ադաջիո», «Կոնֆլիկտ», «Թռչող նավը» ֆիլմերը:
Տեղի կունենա նաև «Երալաշ» հումորային կինոամսագրի լավագույն թողարկումների հատուկ ցուցադրություն: