Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարի՝ «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կինոլորտի այս մեծ ծրագիրն արդեն 21-րդ անգամ Երևանում համախմբել է կինոյի միջազգային դեմքերին՝ արվեստասեր հանրությանը նվիրելով արդեն ավանդույթ դարձած կինոտոնը, որը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը՝ մրցութային և ոչ մրցութային ֆիլմերի ցուցադրությամբ։
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Փառատոնի բացումն ազդարարած Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմը, որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում է կայացել և արդեն արժանացել բարձր գնահատանքի, Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի պատկերային վերաիմաստավորումն է։ Ֆիլմում Ամանդա Սեյֆրիդը մարմնավորում է թատերական ռեժիսորին, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի նաև փառատոնի ընթացքում՝ որպես երևանյան պրեմիերա։
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը կարմիր գորգը փոխարինվել է արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների պատրաստած գորգերի «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուով։
«Ոսկե ծիրանն» առանձնահատուկ անդրադարձել է նաև կինոյի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: Ի պատիվ Սերգեյ Փարաջանովի՝ «Ոսկե ծիրան» փառատոնում սահմանվել է նրա անվան մրցանակ, որը շնորհվել է փառատոնի աստղային հյուրին` կրկնակի օսկարակիր Քեվին Սփեյսիին և հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանին` կինոյի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի համար։